Սիրիահայերը մեր երկրի մի մասնիկն են. Սերժ Սարգսյան

Armenpress 17:10, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային հակամարտությունների հետևանքով Սփյուռքի մեր հայրենակիցների մի ստվար հատված ստիպված կրկին բռնում է գաղթի ճանապարհը: Այս մասին Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման խոսքում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Փոփոխվում են հայկական Սփյուռքի առկա ձևաչափերը, կազմալուծվում են հին համայնքները, ձևավորվում նորերը, որոնք օգնության լուրջ կարիք ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նախագահը:

Սիրիական ճգնաժամի հետևանքով արյունաքամ լինող Սիրիայի հայկական համայնքի մի մասը՝ մոտ 12 հազար հայորդի, հաստատվել է Հայաստանում: «Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցներն ուշադրության, աջակցության կարիք ունեն: Նրանք Եղեռնը վերապրած մեր նախնիների հետնորդներն են, ովքեր, ցրվելով աշխարհով մեկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականությունը: Այսօր Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են սիրիահայերի բոլոր խնդիրները լուծելու աշխատանքներում: Սիրիահայերն արագորեն ինտեգրվում են Հայաստանի հասարակությանը: Այսօր պետականորեն լուծված են սիրիահայերի կրթության, առողջության, սոցիալական խնդիրները: Լուրջ աշխատանքներ են տարվել և տարվում նրանց աշխատանքի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Սիրիահայերին գրկաբաց ենք ընդունել, նրանք իրենց հայրենիքում փախստական չեն կոչվում: Նրանք մեր երկրի տերն են, մեր երկրի մի մասնիկը: Բոլորիս համատեղ ջանքերով է, որ մեր հայրենակիցների բնակարանային, աշխատանքային հարցերը վերջնական լուծում պետք է ստանան»,- նշեց Նախագահ Սարգսյանը:

Նա ընդգծեց նաև, որ համայն հայությունը՝ այդ թվում նաև Հայաստան պետությունը, պետք է աջակցեն նաև նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: «Հավատում եմ, որ դեռ կգան խաղաղ օրեր Սիրիաի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Սիրիայի հայկական համայնքը կվերածնվի և կշարունակի իր ստեղծագործ ուղին՝ ի նպաստ Մայր հայրենիքի և բնակության երկրի զարգացման ու բարգավաճման»,- շեշտեց նա:

Սերժ Սարգսյանը ցավով նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները գնալով ավելանում են: «Այս պարագայում մեր գերնպտակաը պետք է լինի աշխարհի տարբեր ծայրերում փորձության մեջ հայտնված յուրաքանչյուր հայի ցավին ու տառապանքին արձագանքելը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից: Մեր միասնության և համախմբվածության շնորհիվ միայն հայության ազգային իղձերն իրականություն կդառնան, և հայն աշխարհին կներկայանա որպես հավաքական կամքի օրինակ՝ ի չիք դարձնելով բոլոր հակառակորդների, հետադիմական բոլոր ուժերի ու հոսանքների հակահայ նկրտումները»,- հավելեց Նախագահը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am