Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ կհնչի հայկական դուդուկը

Armenpress 16:47, 10 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվող Միջազգային 7-րդ երաժշտական փառատոնում այդ փառատոնների շրջանակում առաջին անգամ կհնչի հայկական ծիրանափողը` դուդուկը: Հայկական ազգային երաժշտական գործիքը կնվագի անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դաբաղյանը պատմեց, որ ինքն առաջարկն ստացել է համաշխարհային հռչակով ռուս ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետից:

«Բաշմետի հետ իմ ծանոթությունն արդեն հինգ-վեց տարի է ձգվում:  Մենք առաջին անգամ ելույթ ենք ունեցել Իտալիայի կղզիներից մեկում, երկրորդ անգամ` Մոսկվայի կոնսերվատորիայում, երբ նվագել ենք Վաչե Շարաֆյանի և Կոմիտասի ստեղծագործություններից»,- նշեց դուդուկահարը:

Երկու երաժիշտները մշտապես կապի մեջ են եղել: Բաշմետի` Օլիմպիական խաղերի ընթացքում համատեղ ելույթ ունենալու առաջարկը հաճելիորեն զարմացրել է Դաբաղյանին: «Ինձ համար անսպասելի էր հրավերը, բայց շատ ուրախ եմ»,- ընդգծեց երաժիշտը:

Նրանք կատարելու են Վաչե Շարաֆյանի և Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա գրված 15 րոպե տևողությամբ կոմպոզիցիա:

Դուդուկահարի կարծիքով, նման մեծամասշտաբ միջոցառմանը մասնակցելը մեր մարզիկներին ոգևորելու, ինչպես նաև  աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդկանց հայկական երաժշտական գործիքը ներկայացնելուլավ առիթ է: «Ամեն անգամ զգում եմ, որ մեր երկրի հանդեպ վերաբերմունքը, ուշադրությունը, հարգանքը մեծանում է նաև դուդուկի միջոցով»,- հավելեց Դաբաղյանը:

Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերն անցկացվում են Սոչիում, փետրվարի 7-23-ը: Մարտի 7-16-ը Սոչին կհյուրընկալի ձմեռային Պարալիմպիկ խաղերի մարզիկներին: Սոչիի 2014 թվականի խաղերի ընթացքում կխաղարկվի մեդալների 98 հավաքածու, իսկ Պարալիմպիկ խաղերում` 72: Այս ձմեռային խաղերին մասնակցում է ավելի քան 2800 մարզիկ 88 երկրից: Սոչին գերազանցում է 2010 թվականի Վանկուվերի խաղերին` մասնակից երկրների թվով: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած Օլիմպիական խաղերին մասնակցել է 82 երկրի մարզիկ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am