Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

Armenpress 14:27, 4 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան Հայաստան է առաքելու ընդհանուր առմամբ Arquus ընկերության արտադրած 50 «Բաստիոն» զրահամեքենա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի Սենատի բյուջեի պաշտպանության բաժնում։

Նշվում է, որ արդեն իսկ 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են։

Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։ 

«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են պաշտպանական զինատեսակներ մատակարարել Հայաստան։ Պաշտպանական և հարձակվողական զենքերի միջև այս տարբերակումը իրականում այնքան էլ պրակտիկ չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանային միջոցները համալրելու կարիքի հետ», – նշված է զեկուցողների փաստաթղթում, որոնք նաև խորհուրդ են տալիս «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը»։

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am