Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ական գործիչների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունից, նրանք հարգանքի տուրք են մատուցել ազգային-պետական գործչի հիշատակին, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:
Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թթ-ին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965թ-ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում