Զեյնալյանը Վենետիկի հանձնաժողովի նիստում շեշտադրել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է Վենետիկ կատարած աշխատանքային այցի մանրամասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած իր ելույթում ասել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդական երկիրն է, ավելին՝ Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը:
«Նշել եմ, որ մեր կառավարությունն իր առջև խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը»,- գրել է Զեյնալյանը:
Արդարադատության նախարարը գրել է նաև, որ իր ելույթի հիմնական շեշտադրումը եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու համար:
«Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաև մեր փոփոխությունների ուղղությունը՝
Հիմնական շեշտադրումս հետևյալն էր, որ մեզ համար` հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ, ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ, մաքրել ընտրական ցուցակները, դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի և այլն»,- գրել է Զեյնալյանը: