Տնտեսություն

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգով ֆիզիկական անձինք ազատվում են մաքսային միջնորդներին վճարում կատարելուց

2 րոպեի ընթերցում

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգով ֆիզիկական անձինք ազատվում են մաքսային միջնորդներին վճարում կատարելուց

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի կողմից «Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որի շնորհիվ ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը: «Այս համակարգի ներդրման արդյունքում այսուհետ ձևակերպումներն իրականացնում են մաքսային ծառայողներն՝ առանց լրացուցիչ վճարի: Մաքսային ընթացակարգերի ավտոմատացման նպատակով գործարկվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը»,-նշեց պաշտոնյան:

Սամվել Ավետիքյանը հայտնեց, որ 2018-ին նախատեսում են ամբողջովին էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ: Գործարկվելու են ՊԵԿ-ում կիրառվող էլեկտրոնային կշեռքների, ռենտգենային դիտարկման սարքավորումների տեսապատկերների մշակման և վերլուծության կենտրոնացված համակարգերը, ինչպես նաև առցանց տեղորոշվող (GPRS) միջոցների կիրառման մեխանիզմը: «Նորույթներից է լինելու նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրումը, նախնական տեղեկատվության ներկայացումը: Գործարկվելու է ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպումների ավտոմատացված համակարգը: Մաքսային մարմիններում տեսադիտման, հերթերի սպասարկման հնարավորություն է ապահովվելու, իսկ Petekamutner.am պաշտոնական կայքում հրապարակվելու է երրորդ երկրներից ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը»,-հայտնեց ՊԵԿ փոխնախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում