Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էդուարդ  Զոհրաբյան. նրա գրչին հավատում էր Սերո Խանզադյանը

Էդուարդ  Զոհրաբյան. նրա գրչին հավատում էր Սերո Խանզադյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակսելը, Գարեգինը, Սուրենը այլևս չկան, գնում եմ նաև ես։ Պիտի առաջ տանես մեր գրական հոգսը։ Ես հավատում եմ քեզ». այսպես է արտահայտվել հայ անվանի գրող Սերո Խանզադյանն «Արմենպրես»-ի թղթակից Էդուարդ Զոհրաբյանի մասին, ով նոյեմբերի 10-ին կդառնար 80 տարեկան։ Սերո Խանզադյանը մեր Էդիկին համարում է Բակունցի, Սևունցի, Այվազյանի և իր գործի շարունակողը։ Երևի սրանից բարձր գնահատական դժվար թե կարելի է պատկերացնել։ Իսկ մենք՝ նրա կողքին ապրողներս, չէինք էլ զգում նրա մեծությունը։ Նա պարզապես մեր Էդիկն էր։

Հավատացեք, դժվարանում եմ իմ լավագույն ընկերներից մեկի՝ հիանալի լրագրող, գրող Էդուարդ Զոհրաբյանի մասին հուշ գրելը։ Էդիկը, այդ կանաչաչյա, միշտ ժպտերես գորիսեցին, իմ կյանքի որոշակի հատվածում «իր անկյունն է» ունեցել իմ սրտում։

«Գորիսի հանրագիտարան» ստվարածավալ հատորյակում Էդուարդ Զոհրաբյանը ներկայացված է իբրև արձակագիր, լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, ԽՍՀՄ և Հայաստանի գրողների միությունների անդամ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Գորիսի պատվավոր քաղաքացի։

Էդուարդ Զոհրաբյանը բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել էր Մոսկվայում, ավարտելով տեղի հասարակական գիտությունների ակադեմիայի ժուռնալիստիկայի բաժինը ու նաև բարձրակարգ ժուռնալիստների պատրաստման համամիութենական համալսարանը։

Նրա առաջին՝ «Որոտանի որդիները» գիրքը լույս է տեսել 1974 թվականին։ Նրա գրչին են պատկանում «Բողբոջները բացվեցին», «Ամենքը մի աշխարհ ունեն»,   «Յոլյաններ», «Հավերժություն», «Հին ջրաղացի նովելը», «Խնձորեսկ»  ակնարկների , պատմվածքների ու վիպակների ժողովածուները, «Օրբելյաններ», «Կորած արահետներ» վեպերը, մանուկների համար գրված հեքիաթները, զրույցներն ու լեգենդները, ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման մասնակիցներին ու  նշանավոր գորիսեցիներին նվիրված շուրջ 40 գրքեր։ Նրա սցենարով նկարահանվել է հինգ վավերագրական ֆիլմ։ Նա է թարգմանել Ե.Շվարցի, Ա. Չխեիձեի, Ս. Ավերչենկոյի և այլոց պիեսները, Ս.Տիշկովի «Ռուդոլֆ Աբելն ամերիկյան դատարանի առջև» և այլ գրքեր։ Էդուարդ Զոհրաբյանը հիմնադրել և խմբագրել է Սյունիքի գրողների միության «Սյունիք» թերթը, աշխատել է «Տաթև» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, խմբագրել է տեղի «Մշակ» թերթը։

Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության «Փառքի ոսկե աստղ» շքանշանով, Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով։

Հա, քիչ էր մնում մոռանայի Էդուարդ Զոհրաբյանի «կարապի երգի» մասին։ Խոսքս «Գորիսի հանրագիտարան» ստվարածավալ գրքի մասին է, որ Էդուարդ Զոհրաբյանը հեղինակել է Համլետ Միրզոյանի հետ համատեղ։ Երևի թե դժվար չէ պատկերացնել, թե ինչ աշխատատար գործ է հանրագիտարան ստեղծելը։ Ավելի քան 450 էջանոց այդ աշխատությունում տեղ են գտել գողտրիկ ակնարկներ մի քանի հարյուր հայտնի և անհայտ գորիսեցիների, շրջանի բոլոր բնակավայրերի, պատմական հուշարձանների, եկեղեցիների մասին։

Հիրավի տիտանական աշխատանք…

Էդիկին մոտիկից ծանոթացա, երբ «Արմենպրես»-ում ինձ հանձնարարվեց ղեկավարել թղթակցական ցանցը։ Էդիկը Գորիսի մեր թղթակիցն էր։ Երբ առաջին անգամ բացեցի Գորիսից ստացված նամակը, ակամայից հիշեցի դպրոցի իմ մայրենի լեզվի ուսուցչին։ Այդ հարգարժան ներսեսյանականն իմ բոլոր գրավորների վերջում անպայման գրում էր. «Տղաս, Մեսրոպ Մաշտոցը այսպիսի տառեր չի հորինել…»։ Էդիկի ձեռագիրն ինձ հիացրեց։

Արդեն այդ շրջանում  նա ճանաչված գրող էր։ Սերո Խանզադյանի, Սուրեն Այվազյանի, Աշուղ Աշոտի և մյուս նշանավոր գորիսեցիների հետ էր առնչվում։

Ես չեմ հիշում մի դեպք, երբ ինչ-ինչ պատճառով մերժած լինեի Գորիսից ստացված թղթակցությունը։ Այո, Էդիկը կատարյալ, բարձր պրոֆեսիոնալ ժուռնալիստ էր։

Էդիկ Զոհրաբյանը չափից ավելի ընկերասեր մարդ էր։ Մեր ամեն մի հեռախոսային զրույցն ավարտում էր նույն խնդրանքով՝ «տղաներին վերցրու, եկեք Գորիս…»։ Իսկ Էդիկի «եկեք Գորիսի» արժեքը ես շատ լավ գիտեի…

Հիշեցի մի դեպք։ 1988-ին էր։ Ղարաբաղյան շարժումը դեռ պատերազմի չէր վերածվել։ Ես պիտի Գորիս գնայի։ Ինքնաթիռով հասա Կապան, իսկ այնտեղից պետք է մեքենայով մեկնեի Գորիս։ Էդիկը ինձ դիմավորեց Կապանի օդանավակայանում։ Իհարկե, ողջագուրվեցինք և ճանապարհ ընկանք։ Ասացի, որ թեև դեռ պատերազմը չէր սկսվել, բայց հայկական սահմանամերձ գյուղերն անընդհատ գնդակոծվում էին։ Ես գիտեի, որ նախօրեին Կապանի օդանավակայանում կրակել էին այն ինքնաթիռի վրա, որը Սուրեն Հարությունյանին պիտի հասցներ Երևան։ Այնտեղ թռիչքա- վայրէջքային վազքուղին ադրբեջանական գյուղին կպած է։ Էդիկն էլ էր լսել նախօրյակին տեղի ունեցած միջադեպի մասին։ Իսկույն ճանապարհ ընկանք։ Մթնշաղ էր, շտապում էիք ժամ առաջ տեղ հասնել։ Մի տևական ժամանակ մենք պետք է շարժվեինք «պայթյունավտանգ» ճանապարհով։ Զրուցում էինք, խոսում էինք Գորիսում մեր վաղվա անելիքից։ Հանկարծ մեր մեքենային բախվեց մի մեծ թռչուն։ Լավ է, դիմապակուն բան չեղավ։ Էդիկը մեքենան վարեց ևս մի 100-200 մետր և կանգ առավ։

-Տեսնես էն թռչունին ի՞նչ եղավ,- հարցրեց Էդիկը և… մեքենան շրջադարձ արեց և մենք գնացինք այնտեղ, որտեղ մեզ էր բախվել թռչունը։ Էդիկը գտավ այդ թռչունի անշնչացած դին։ Վերցրեց այն, մի քանի վայրկյան մտորումերի մեջ ընկավ, ապա մեքենայի ետնամասից հանեց բահը և սկսեց գետինը փորել։ Այդ թռչունին բարեհաջող մայր հողին հանձնելուց հետո միայն մենք շարժվեցինք։

-Էդիկ, կարող է դու Գորիսի շրջանի օրնիտոլոգների միության նախագա՞հն ես, վրես խաբար չկա։ Դրա համա՞ր ճանապարհից ետ վերադարձար այդ թռչունին թաղեիր,- հարցրի ես։

- Այո, խեղճ հավքը մեղք էր, համ էլ գազանները կհոշոտեին նրան։

Ահա այդպիսին էր իմ ժպտերես ու համեստ ընկերը։ Նա հաշվի չառավ, որ մեր ճանապարհը բավականին վտանգավոր էր, որ թշնամին կարող էր մեզ վրա կրակ բացել, բայց իր պարտքը համարեց իր մեքենայի տակ ընկած մի անմեղ թռչունի դին հողին հանձնել, որ «գազանները չհոշոտեն»։

Էդիկը չափազանց համեստ էր, քիչ էր խոսում իր հաջողությունների մասին։ Որպես ասածիս վկայություն, ուզում եմ մեջբերել Համո Սահյանի կարծիքը Էդուարդ Զոհրաբյանի մասին, որ մեծ բանաստեղծն ասել է բանասիրական գիտությունների դոկտոր, ճանաչված լրագրող Շչորս Դավթյանի հետ զրույցում. «Շնորհաշատ տղա է, բայց առաջին անգամ եմ այդքան համեստ գրող ու լրագրող տեսնում»։ Այո, նա այդպիսին էր։ Եթե նրա շրջապատում բոլորը գիտեին, որ նա լրջորեն զբաղվում է գրականությամբ, բազմաթիվ գրքերի հեղինակ էր, ապա գրեթե ոչ ոք չգիտեր, որ նա ԽՍՀՄ սպորտի վարպետ էր, այն էլ ֆուտբոլից։ Դարպասապահ էր։ Զոհրաբյան այդ բարձր կոչումը, որին արժանացել էր խորհրդային բանակում ծառայելու տարիներին, կրում էր դեռևս այն ժամանակ, երբ 1970-ական թվականների «Արարատի» ֆուտբոլիստներից շատերն այդ կոչումը դեռևս չունեին։

Այսօր խոսելով Էդիկ Զոհրաբյանի մասին, չեմ կարող չհիշատակել նրա «մարտական ընկերոջը»՝ ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Վանիկ Սանթրյանին, ով իր մահկանացուն կնքեց մի քանի ամիս առաջ։ Նա չտեսավ Էդիկի 80-ամյակը։ Հակառակ դեպքում նոր գիրք կգրեր Էդուարդ Զոհրաբյանի մասին։ Վանիկը Էդիկի մահվան առաջին տարելիցի օրը ընկերոջ բոլոր հարազատներին ու ծանոթներին նվիրեց «Էդուարդ Զոհրաբյան. Կանաչ աչքերով տղան» գիրքը (2010 թ.)։ Ինչպես վկայում էր ինքը՝ Վանիկ Սանթրյանը, նման գիրք գրելու գաղափարը նրա մեջ ծագել է հենց այն պահին, երբ հայրենի հողին էին հանձնում իր ընկերոջ դին։ Վանիկը խոսքի մարդ էր։  Այդ գիրքը նա հրատարակեց և բաժանեց Էդիկի մահվան առաջին տարելիցի արարողությանը ներկա գտնվողներին։ Հաջորդ գիրքը, որ Վանիկ Սանթրյանը գրեց Էդիկի մասին, նվիրված էր նրա ծննդյան 75-ամյակին և հենց այդպես էլ կոչվում էր՝  «Էդուարդ Զոհրաբյան - 75»։

Էդիկ Զոհրաբյանը, իրոք, անխոնջ մշակ էր, անմնացորդ նվիրումով ծառայել է հայ գրականությանը։ Նրա մասին՝ որպես մեծ գրողի ու քաղաքացու ջերմորեն են արտահայտվել նրա շատ գրչակիցներ, այնպիսիք, ինչպիսիք են Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Սուրեն Այվազյանը, Լևոն Անանյանը, Հրաչիկ Մաթևոսյանը, Աշոտ Սահրադյանը, Շչորս Դավթյանը, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, ֆրանսահայ մեծ նկարիչ Ռիշար Ժերանյանը, ամերիկահայ երգիչ Լևոն Գաթրճյանը, ով մի առիթով ասել է, թե «Էդիկի նման մարդիկ կարմիր գրքից են…», ՀԽՍՀ վաստակավոր լրագրող Նորա Մելիքյանը, հրատարակիչ Վահրամ Մնացականյանը։ Այս ցուցակն անվերջանալի է…

Էդիկի ծանոթներից շատերը նաև շեշտում էին, որ Էդիկ Զոհրաբյանը հիանալի երգում էր, ուներ հաճելի թավ բարիտոն։ Ինչպես հիշում է Էդիկի կինը՝ Անժելա Բուդաղյանը, նրանց ամուսնության օրը, ի թիվս բազմաթիվ շնորհավորական հեռագրերի, կար մեկը, որի հեղինակը խնդրել էր, որպեսզի փեսան, ասել կուզի՝ Էդիկը, անպայման կատարի «Բոբիկ մի գնա» երգը։ Ժողովրդական այդ երգին գնահատական տալու համար պարզապես պետք էր այդ երգը լսել Էդիկի կատարմամբ։ Ինչպես վկայում է Էդիկի ընկերներից մեկը՝ ոստիկանության մայոր Յուրիկ Միրզոյանը, «Բոբիկ մի գնա» երգը լսելիս մարդը սարսուռ է զգում, թվում է, թե ուր որ է՝ փուշը կծակի ոտքը»։ Եթե Էդիկի ձայնը դուր էր գալիս նրա ընկերներին, և դա ընդամենը «սիրողական մակարդակի» գնահատական էր, ապա ի՞նչ կասեք այն գնահատականի մասին, որ Էդիկի ձայնին տվել է աշխարհահռչակ երգչուհի, Խորհրդային Միության ժողովրդական արտիստուհի Մարիա Բիեշուն։ Նույն Յուրիկ Միրզոյանի վկայությամբ Մոսկվայի հյուրանոցներից մեկի միջանցքում նա, լսելով, թե ինչպես է Էդիկը երգում Առնո Բաբաջանյանի  «Не спеши » երգը, ոտքը կախ է գցում, մինչև վերջ լսում է այդ հանրահայտ երգը, ապա դիմելով Էդիկին՝ ասում է. «Դուք հիանալի տեմբր ունեք։ Դուք պետք է դիմեք երկրի որևէ հանրահայտ էստրադային խմբի ղեկավարի և դառնաք այդ խմբի մեներգիչը։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս «ականջի հետև չգցել» իմ ասածները։  Ձեզ լավ ապագա է սպասում։

Ավաղ, էդիկը չանսաց ականավոր երգչուհու խորհրդին և … մի խոսքով,  նա մնաց  գրող Էդուարդ Զոհրաբյան։

Լևոն Ազրոյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am