Հայաստանը Մոլդովայում բացելու է դեսպանություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջիկայում Մոլդովայում ունենալու է դեսպանություն: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը հավանության արժանացավ կառավարության նիստին: «Մոլդովական կողմը պաշտոնապես համաձայնություն է տվել Քիշնևում ՀՀ դեսպանություն ստեղծելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո փոխադարձության սկզբունքով երկու երկրների դեսպանները հավատարմագրվել են, սակայն նստավայրը եղել է հավատարմագրման երկրից դուրս (Մոլդովայում Հայաստանի դեսպանի նստավայրը նշանակված է եղել Կիևում): Հրամանագրի ընդունումը պայմանավորված է դեսպանություններ հիմնելու անհրաժեշտությամբ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելուն ուղղված երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու նպատակով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում