Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՀՀ և ՌԴ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներն առաջին անգամ համատեղ նիստ են անցկացնում

ՀՀ և ՌԴ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներն առաջին 
անգամ համատեղ նիստ են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեն  առաջին անգամ համատեղ նիստ են անցկացնում: Առաջին նիստն անցկացվում է Երևանում:

Նոյեմբերի 19-ին նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա լիահույս է, որ համատեղ նիստի անցկացումը կընթանա կառուցողական մթնոլորտում և ուղղված կլինի երկկողմ օրակարգում առկա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի արդյունավետ քննարկմանը: «Խորհրդարանական մակարդակում նմանատիպ հանդիպումները և քննարկումները արդյունավետ խթան են հանդիսանում նաև Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների միջև առկա կապերի կայուն և դինամիկ զարգացման համար: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի  և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը և փոխգործակցության անցած ուղին հիմնված է վստահության մթնոլորտի ու դժվար իրավիճակներում փոխօգնության երաշխիքների վրա: «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի դարերի պատմություն և մեր պետությունների միջև հարաբերությունները նույնպես զարգացել են այս համատեքստում: Երկկողմ բարեկամական հարաբերությունների համար ամուր հիմք է հանդիսանում ռազմական, քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտում վստահելի համագործակցության հիմքի առկայությունը: Մեր հարաբերությունների համատեքստում չկա գեթ մեկ ոլորտ, որտեղ մենք չենք կարող արձանագրել կայուն զարգացում և առաջընթացի մեխանիզմներ»,- ասաց պատգամավորը:

Զաքարյանը հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում այն դերն ու նշանակությունը, որն ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական առաքելության շրջանակներում:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկրներ Հայաստանի արտահանումը միջինում գրանցել է 50 տոկոսից ավելի աճ, որի մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: «Իհարկե, շուրջ 14 տոկոսով աճել է նաև արտահանումը Եվրոպական Միություն, ինչից կարելի է եզրակացնել, որ արտահանման աճը եղել է դիվերսիֆիկացված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջանցիկ աճ են արձանագրել բուսական ծագման արտադրանքի արտահանումը, մանածագործական իրերի և թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը, իսկ հանքային արտադրանքի արտահանումը նվազել է 4.7 տոկոսով: Իհարկե, այստեղ որոշակի խնդիրներ կան՝ գների հետ կապված, սակայն կարևոր է նշել, որ գյուղատնտեսական և թեթև արդյունաբերության տեսակետից մենք ունենք արտահանման աճ»,- ընդգծեց Վաչե Գաբրիելյանը:

Նա հավելեց, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջում՝ ընդգծելով, որ Հայաստանն օգտագործում է համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձևաչափերում՝ միջխորհրդարանական, միջկառավարական, միջգերատեսչական, մասնագիտական և անգամ լայն հասարակական շրջանակների ներգրավման առումով: «Մենք ակնկալում ենք օրենսդիրների շահագրգիռ քննարկման արդյունքում լսել խնդիրներ, ստանալ առաջարկներ համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը:

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն իր խոսքում նշեց, որ մեծ ակնկալիքներով են ժամանել Երևան՝ մասնակցելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներին: «Կարծում եմ, որ երեք հիմնական պատճառ կա, որ մենք որոշել ենք նման ձևաչափով նիստ անցկացնել: Առաջինն այն է, որ մեր համատեղ աշխատանքում կա ռեալ և արդիական օրակարգ: Մենք ապրում ենք շարունակվող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Եվ այս պայմաններում մենք շատ արդիական խնդիրներ ունենք լուծելու: Արդեն երկու տարի է, ինչ ձևավորվել է Եվրասիական տնտեսական միությունը, որի անդամ են մեր պետությունները, և հնարավորություն կա քննարկելու կուտակված փորձը, հասկանալու, թե որտեղ աշխատելու տեղ կա: Ես վստահ եմ, որ այսօր մենք, լսելով փորձագետներին, կհամոզվենք, որ Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիային համընկնում է երկրների ազգային շահերի հետ»,- ընդգծեց Կոսաչևը:

Համատեղ նիստի ընթացքում հայ և ռուս պատգամավորներն ու  հրավիրված փորձագետները կանդրադառնան հայ-ռուսական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությանը ԵԱՏՄ շրջանակներում, տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցերին, ՀԱՊԿ-ի շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am