Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՊՀ երկրները քննարկում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հարցեր

ԱՊՀ երկրները քննարկում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով և արդյունավետ օգտագործման շուրջ համագործակցության խորացման հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հերթական` 17-րդ նիստը:

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, և Տաջիկստանի ներկայացուցիչները: Նիստի մեկնարկին ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին և նրանց բեղմնավոր աշխատանք մաղթեց: «ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովը մեր երկրների համար հրաշալի հնարավորություն է ճիշտ ժամանակին պրոֆեսիոնալ տեղեկատվության փոխանակումը կազմակերպելու, մեր աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար: Նախորդ նիստին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը ստորագրել է ԱՊՀ անդամ երկրների միջև ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը: Համաձայնագիրն այս պահին գտնվում է վավերացման փուլում: Այս տարի մենք նաև ստորագրել ենք ԱՊՀ անդամ երկրների ատոմային և ռադիացիոն անվտանգության կոնցեպցիան»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2015թ. հոկտեմբերի սկզբին կնքվել է ատոմային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր: «Այդ համաձայնագիրը խորացնում է համագործակցությունը «Ռոսատոմ» ընկերության և մեր կազմակերպությունների միջև: 2016թ. փետրվարին Հայաստանի և Բելառուսի միջև կնքվել է համաձայնագիր ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համագործակցության վերաբերյալ:  Նոյեմբերին ՄԱԳԱՏԷ-ի աջակցությամբ մենք Երևանում տարածաշրջանային ուսումնական կուրսեր ենք անցկացրել ատոմային էներգետիկայի համակարգչային անվտանգության ապահովման թեմայով: Համակարգչային անվտանգության զարգացումը շատ արդիական է՝ հաշվի առնելով համակարգային տեխնոլոգիաների զարգացման տեմպերը: Ես շատ ուրախ եմ, որ այդ կուրսերին մասնակցել են տարածաշրջանի 10 երկրների 36 մասնագետներ»,- ընդգծեց նախարարը:

«Ռոսատոմ» ընկերության նախագահի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլայ Սպասկին իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը հանձնաժողովի հերթական նիստը կազմակերպելու և հյուրընկալության համար: «Այս նիստին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մասնակցությունն ընդգծում է այն կարևորությունը, որ մեր երկրների կառավարությունները հատկացնում են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը: Մենք շատ լուրջ օրակարգային հարցեր ունենք քննարկելու: ԱՊՀ անդամ երկրների համագործակցության հիմնական ուղղություններից մեկը հենց ատոմային էներգետիկայի ոլորտն է: Մեր հանձնաժողովը կարող է լինել ամենահաջողված ինտեգրացիոն հարթակը ԱՊՀ շրջանակներում վերջին տարիներին ստեղծված մարմիններից: Սա իրական, լուրջ և կենդանի օրգանիզմ է»,- նշեց Սպասկին:

Հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում կքննարկվեն ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ: Մասնավորապես, կքննարկվի «Ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների վերամշակման» միջպետական նպատակային ծրագրերի իրականացման ընթացքը՝ մինչև 2020թ.: Կներկայացվեն նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների իրականացման, ճառագայթային թերապիայի և միջուկային բժշկության աշխատանքային խմբի գործունեության հաշվետվությունները:

Հանձնաժողովն անդրադարձ կկատարի նաև էներգետիկայի բնագավառի համար նոր կադրերի պատրաստման և առկա մասնագետների որակավորման բարձրացման հարցերին՝ ներառյալ ԱՊՀ լավագույն համալսարաններում կրթության շարունակման հնարավորության կազմակերպմանը:

Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել արձանագրություն: ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Տաջիկստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am