«Արարատ 73»-ի ֆուտբոլիստները հիացած են նոր արձանախմբով
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդները՝ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները, մեծ հիացմունքով և հուզմունքով մասնակցեցին Երևանում «Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախմբի բացմանը:
Լևոն Իշտոյան. Ես անկեղծորեն տպավորված եմ: Կցանկանայի իմ խորհին շնորհակալությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին, ով կառուցեց այս գեղեցիկ արձանախումբը: Սա միայն մեր հաղթանակի մասին պատմող արձան չէ՝ սերնդափոխությունից հետո երեխաները կցանկանան և կձգտեն դառնալ աշխարհի, օլիմպիական չեմպիոններ:
Սերգեյ Բոնդարենկո. Մեզ համար միայն հպարտություն է նման արձան ունենալը: Շնորհակալություն հայ ժողովրդին, Գագիկ Ծառուկյանին: Սա միայն մեծարում չէ, «Արարատ 73»-ը անմահացավ: Իմ կարծիքով` նման հաղթանակներ Հայաստանը դեռ երկար չի ունենա:
Խորեն Հովհաննիսյան. Ինձ բախտ է վիճակվել խաղալու «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների հետ, իսկապես հրաշալի թիմ էր հավաքվել: Ուզում եմ շնորհավորել նրանց՝ արձանախմբի բացման կապակցությամբ և շնորհակալութուն հայտնել Գագիկ Ծառուկյանին արձանի ստեղծման համար: Եվ երանի գան տարիներ, որ Հայաստանի հավաքականը ևս «Արարատ»-ի խաղի պես որակով խաղ ցույց տա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախումբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների շնորհիվ: Արձանախումբը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում