Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ՀՀ-ն իրավական համակարգում գենդերային հավասարության համար հատուկ միջոցներ ձեռնարկած քիչ երկրներից է. ԵԽ

ՀՀ-ն իրավական համակարգում գենդերային հավասարության համար հատուկ միջոցներ 
ձեռնարկած քիչ երկրներից է. ԵԽ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը հրապարակել է կազմակերպության անդամ երկրների իրավական համակարգերի գնահատման վերաբերյալ զեկույց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ մամուլի ծառայությունից, զեկույցում ներկայացվում է 45 երկրների իրավական համակարգերը, նշվում դրանց տրվող ֆինանսական միջոցները և գնահատվում դրանց ծախսման արդյունավետությունը:

«Հայաստանն այն քիչ երկրներից է, որն իրականացրել է հատուկ միջոցառումներ իրավական համակարգում գենդերային հավասարության առաջ մղման համար»,- նշված է զեկույցում: Շեշտվում է, որ դատավորների 77 տոկոսը տղամարդիկ են, 23 տոկոսը կանայք, սակայն ստեղծված ներգրավման համակարգը խրախուսում է կանանց մասնակցությունը, մասնավորապես, ըստ սահմանված կարգի, դատավորների թեկնածուների ցուցակները պետք է առվազն պարունակեն 25 տոկոս միևնույն սեռի ներկայացուցիչներ: Զեկույցում միաժամանակ ընդգծվում է, որ Հայաստանում որևէ դատարանի կին նախագահ չկա:

«Ընդհանուր առմամբ Հայաստանում կան 226 դատավորներ, այսինքն` յուրաքանչյուր 100 հազար բնակչին 8 դատավոր: Այս թիվը 2010թ-ի համեմատ աճել է 11 տոկոսով: Դատախազների թիվը յուրաքանչյուր 100 հազար բնակչին 10.1 է, որը գրեթե անփոփոխ է 2010թ-ից ի վեր»,- ասվում է զեկույցում:

Ինչ վերաբերում է դատական գործի ուսումնասիրության ժամկետին, ապա զեկույցն ընդգծում է, որ առաջին ատյանի դատարանը քրեական գործը 2014թ-ին քննում էր միջինում 135 օրում, իսկ 2010թ-ին այդ ժամանակահատվածը 78 օր էր:

«10 երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Իտալիայում, Լատվիայիում, Մոնտենեգրոյում և Նիդերլանդներում նկատվում է նշված ժամանակահատվածի դանդաղ, սակայն շարունակական աճ: Այս միտումը պետք է արձանագրել, սակայն այն դեռևս չի կարելի համարել մտահոգիչ»,- ասված է զեկույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am