Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ի և Սփյուռքի նախարարության ցուցահանդեսը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը

  «Արմենպրես»-ի և Սփյուռքի նախարարության ցուցահանդեսը կնպաստի Հայաստան-Սփյուռք 
կապերի ամրապնդմանը

ՎՈԼԳՈԳՐԱԴ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սփյուռքի նախարարության և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության «Հայաստան,  հավերժական իմ սեր» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսների բացումը Ռուսաստանի հայկական համայնքներում լավ հնարավորություն է ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը և նպաստելու հայապահպանությանը: Սեպտեմբերի 27-ին Վոլգոգրադում ցուցադրության բացման արարողության ժամանակ այդ մասին նշեց տեղի հայ համայնքի հագևոր հովիվ տեր Մաղաքիա Օհանյանը:  

Հոգևոր հայրը շնորհավորեց հայ համայնքի ներկայացուցիչներին` անկախության տարեդարձի առթիվ և կարևորեց նման ցուցահանդեսի կազմակերպումը: «Այստեղ հավաքված են երիտասարդներ, ովքեր մեր հանրապետության տարիքին են և պետք է իմանան այն դժվար ճանապարհը, որ անցել է իրենց տարիքակից հանրապետությունը։ Ցանկանում եմ, նման միջոցառումների միջոցով մենք կարողանանք ավելի ամրացնել հայ համայնքները, որ գոյություն ունեն Ռուսասատանի տարբեր քաղաքներում։ Մենք մշտապես պետք է զգանք Հայաստանի շունչը մեր համայնքներում»,- նշեց Տեր Մաղաքիան։

Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը`  ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Սարգիս Ալեքսանյանը նշեց. «25 տարի շարունակ Հայաստանը և Սփյուռքը ձեռք ձեռքի տված շենացնում են Հայրենիքը, կառուցում ամուր և անկախ պետականություն, պայքարում՝ հանուն խաղաղ և լուսավոր ու գեղեցիկ ապագայի։ Այս ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է բոլորիս մեկ հարկի ներքո հավաքվելու, հետադարձ հայացք ձգելու մեր երկրի անցած քսանհինգամյա ճանապարհին և արժևորելու այն»։

«Արմենպրես» գործակալությունը մեծապես կարևորում է նման միջոցառումների անցկացումը Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում։  Գործակալության տնօրենի խորհրդական Հայկ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի ամենամեծ լուսանկարչական արխիվներից մեկն ունեցող գործակալությունը մշտապես եղել է  հայապահպան գործունեության առաջին շարքերում:  Ըստ Հակոբյանի` ցուցահանդեսն աննախադեպ է այն առումով, որ այստեղ  ներկայացված լուսանկարները պատմում են Հայաստանում անկախությունից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր կարևոր իրադարձությունների մասին:

«Այս ցուցահանդեսը հրաշալի առիթ է վերհիշելու Հայաստանի անկախության 25 տարիների նվաճումները։ Հատկանշական է, որ Ազգային հերոսների շարքում կարող ենք տեսնել Հայաստանի ազգային հերոս Յուրա Պողոսյանի լուսանկարը, ով արցախյան պատերազմի հենց սկզբից Վոլգոգրադից ժամանեց Արցախ և իր կյանքի զոհողության հաշվին մեկ քայլ առաջ տարավ հայերի հաղթանակը»,- նշեց Հակոբյանը։

Միջոցառման շրջանակում «Արմենպրես»-ի և ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները համայնքին և եկեղեցուն նվիրեցին գրքեր`վստահություն հայտնելով, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համայնքի գրադարանում։

Ցուցահանդեսում լուսանկարները ներկայացված են  «Անկախությունը բարձրագույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսներ» «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան», «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրերի ներքո։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը մեծ պատվով և պատասխանատվությամբ է մոտեցել այս ցուցահանդեսների կազմակերպմանը: Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարության մեր գործընկերներին, որ կարողացան իրականացնել այս հույժ կարևոր նախագիծը: Հայաստանի անկախության վերականգնումը և Արցախի ազատագրական պայքարը  հիրավի պատմական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար, և հույժ կարևոր է, որպեսզի թե մեր հայրենակիցները Ռուսաստանի հայաշատ համայնքներում, թե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի քաղաքացիները «Արմենպրես»-ի լուսանկարների միջոցով ծանոթանան անկախ Հայաստանի և Արցախի տարեգրությանը, ավելի լավ պատկերացնեն այն արժեքները, նվաճումները, որ ունի ժողովուրդը և տեսնեն այն փայլուն ապագան, որ սպասվում է մեզ բոլորիս»,-նշում է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Վոլգագրադի հայ համայնքում առայժմ գործում է սբ. Գևորգ եկեղեցին, ավարտին է մոտենում նոր եկեղեցու շինարակական աշխատանքները։ Քաղաքում գործում է ֆուտբոլային թիմ, որը 2015-2016թթ Վոլգոգրադի նահանգի ազգային փոքրամասնությունների լիգայի հաղթողն է ճանաչվել։ Լույս է տեսնում եկեղեցուն կից «Լուսավորիչ» թերթը, ինչպես նաև «Արտույտ» երգի պարի համույթը։ Վոլգոգրադում գործում է Վոլգոգրադի հայ համայնք կազմակերպությունը և Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի մասնաճյուղը. ընդհանուր առմամբ գործում են հայկական 8 կազմակերպություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am