«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը գտել է տերերին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրանտ Դինք» միջազգային 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ստամբուլի «Լյութվի Քըրդար» կենտրոնում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարի մրցանակների են արժանացել Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշներից մեկը համարվող Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան և Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթության և մարդու իրավունքների համար:
Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախկին նախագահը Թահիր Էլչին էր, ով Սուր գավառում տևական բախումների ժամանակ պայքարում էր պատմական ժառանգության պահպանման համար: Այդ նպատակով կազմակերպված բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ էր, որ նրան 2015 թվականի նոյեմբերի 28-ին փողոցում սպանեցին:

Մրցանակը ասոցիացիայի անունից վերցրել է փոխնախագահ Ահմեդ Օզմենը: Նա իր խոսքում ընդգծել է, որ Թուրքիայի խնդիրները հնարավոր է լուծել միայն հասարակության տարբեր հատվածների միավորման, ժողովրդավարության շուրջ համախմբման ճանապարհով: «Թահիր Էլչիի և Հրանտ Դինքի` մեզ ավանդած ժառանգությունը այսօր պահպանելուն ու զարգացնելը ամենահիմնավոր պարտականությունն ու պատմական պատասխանատվությունն է մեզ համար: Սրա միակ ճանապարհը խաղաղություն ցանկանալը և դրա հաստատման նպատակով մեր ձայնը բարձրացնելն է»,- նշել է Օզմենը:
Մյուս մրցանակակիրը` Թերեզա Կաչիդամոտոն, Մալավիում երկար տարիներ հանդես է գալիս աղջիկ երեխաների բռնի ամուսնության դեմ, պաշտպանում է նրանց` կրթություն ստանալու իրավունքը: Նա ստեղծել է հիմնադրամ, որը վճարում է աղքատ ընտանիքների աղջիկների կրթության համար: Մրցանակը ստանալիս նա նշել է. «Ես հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել ենք, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհն անցել են ինձ հետ: Հուսով եմ, որ ավելի շատ մարդիկ ինձ հետ ձեռք ձեռքի, ուս ուսի կպայքարեն Մալավիում աղջիկ երեխաների իրավունքների համար»:
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է մեկ մարդու և մեկ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում են և ոգեշնչում մյուսներին: