Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԸՕ շուրջ համաձայնությունը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացմանը. ՀՀ Նախագահ

 ԸՕ շուրջ համաձայնությունը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ վստահության 
բարձրացմանը. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 25 տարի առաջ Անկախ պետությունների համագործակցության երկրների ժողովուրդներն ընտրեցին անկախ պետությունների կառուցման ճանապարհը, և այսօր կարելի է փաստել, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, շատ բաների են հասել, այդ թվում՝ Համագործակցության մեխանիզմների շնորհիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բիշկեկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը:

«Մեր երկրները գտնվում են պետական կառավարման համակարգի հետևողական ամրապնդման գործընթացում: Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է»,- ընդգծել է հանրապետության ղեկավարը:

ՀՀ Նախագահի խոսքով` նշված կառույցների դերի ամրապնդման և արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանում անցած տարի անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների և պարտավորությունների միջև հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների և ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական և քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի:

«Այս շաբաթ, մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության: Կիրառվում են ընտրական գործընթացի հսկողության ավելի թափանցիկ մեխանիզմներ, խստացվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվությունը: Ներդրվում են ընտրողների նույնականացման և գրանցման թվային համակարգեր: Վստահ եմ, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռելու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացում: Արդեն մի քանի ամսից մեզ մոտ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Հանրապետությունը կուղարկի համապատասխան հրավերները բոլոր գործընկերներին միջազգային դիտորդական առաքելություններում մասնակցելու նպատակով, այդ թվում՝ ԱՊՀ առաքելության ձևաչափով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև շեշտել է, որ այս օրերին Հայաստանում ձևավորվում է նոր կառավարություն: «Մեր առջև դրված խնդիրն է՝ նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am