Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Լեզվաբաններն անգնահատելի են համարում Լևոն Եզեկյանի թողած ավանդը հայագիտության մեջ

Լեզվաբաններն անգնահատելի են համարում Լևոն Եզեկյանի թողած ավանդը 
հայագիտության մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեզվաբանները անգնահատելի են համարում այն մնայուն հետքը, որը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ և լեզվաբան Լևոն Եզեկյանը թողել է հայագիտության զարգացման գործում: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Լևոն Եզեկյանի մտերիմ մարդկանցից գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանի և լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիանա Հովսեփյանի հետ:

Սամվել Մուրադյանի խոսքով` Լևոն Եզեկյանն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է Երևանի պետական համալսարանին և հայագիտության զարգացմանը: «Լևոն Եզեկյանի  հետաքրքրությունների և ընդգրկումների շրջանակը բավականին մեծ էր, նա իսկական տաղանդավոր լեզվաբան էր, այդ բառի ամենադրական իմաստով: Աշակերտելով մեր ժամանակների մեծ լեզվաբաններ Էդուարդ Աղայանին և Գևորգ Ջահուկյանին` նա կարողացավ մի նոր աստիճանի բարձրացնել մեր լեզվաբանական միտքը, գրելով և' դպրոցական, և' բուհական դասագրքեր: Հատկապես ուսումնասիրել է մեր գրական արևելահայերենի սկզբնավորման և զարգացման ընթացքը: Հատուկ ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Մուրացանի, Հրանտ Մաթևոսյանի, Ակսել Բակունցի լեզվամտածողությունը, Վահան Տերյանի արվեստը` նա զանազան այլ հետաքրքիր ուսումնասիրություններով կարողացել է հարստացնել մեր լեզվաբանական միտքը: Այնպես որ, Լևոն Եզեկյանի կորուստն իսկապես ծանր էր հայագիտության համար, ամբողջ մեր ժողովրդի համար, քանի որ նա այն բացառիկ գիտնականն ու մտավորականն էր, այն լավ ընկերը, ընտանիքի լավ հայրը, լավ բարեկամը` հավատարիմ և անդավաճան, որ նվիրված էր մեր ժողովրդի վերելքին, մեր պետականությանը և ամբողջ իր կարողություններով նպաստել է մեր լեզվաբանական մտքի զարգացմանը»,- նշեց Մուրադյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր Լիանա Հովսեփյանը նշեց, որ Եզեկյանի հետ իրենք ունեն ազգակցական կապ, նրանց պապերը եղբայրներ են եղել և իրենց մտերմությունը եղել է դեռ մանկուց:

«Լևոն Եզեկյանը հենց առաջին կուրսից էլ գրավել է դասախոսների ուշադրությունը: Նա զբաղվել է ժամանակակից հայոց լեզվի ոճաբանությամբ: Մի քանի դասագրքերի հեղինակ է: Բավականին մեծ վաստակ ունի: Երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժամանակակից հայոց լեզվի ամբիոնում: Այնտեղ ամբիոնի վարիչ է եղել երկար տարիներ: Վերջին երկու տարիներին առողջական խնդիրների պատճառով ամբիոնի վարիչ չի եղել, բայց շարունակել է աշխատել և բանասիրության ֆակուլտետում, և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում` դասավանդելով ժամանակակից հայոց լեզու և ոճագիտական առարկաներ: Ունի տպագրված բազմաթիվ աշխատություններ: Մեր լավագույն դասախոսներից է եղել: Նրա հիշատակը շատ վառ կմնա իրեն ճանաչողների սրտում: Նրա ուսանողներն ու աշակերտները Եզեկյանի ուսուցանածն իրենց հերթին կհաղորդեն մեր ավելի երիտասարդ սերունդներին: Նա մնայուն հետք է թողել հայագիտության մեջ»,- ասաց լեզվաբան, հայագետ Լիանա Հովսեփյանը:

Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան մահացել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ Լևոն Եզեկյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին` ժամը 18:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ Աստվածածին եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 17-ին` ժամը 13:00-ին` նույն վայրից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am