Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարն ու Վրաստանի Նախագահը քննարկել են հայ-վրացական փոխգործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ու Վրաստանի Նախագահը քննարկել են հայ-վրացական 
փոխգործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով օգոստոսի 1-ին Թբիլիսի ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Վրաստանի Նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ միշտ հաճելի է բարեկամ Հայաստանից բարձրաստիճան հյուրեր ընդունել և քննարկել երկու հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման հնարավորությունները։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի Նախագահին փոխանցեց Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և տեղեկացրեց Թբիլիսիում իր ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձան տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին:

Էդվարդ Նալբանդյանը Գեորգի Մարգվելաշվիլիին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչը հնարավորություն կընձեռի առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։

Նախագահ Մարգվելաշվիլին խնդրեց իր լավագույն բարեմաղթանքներն ու հարգանքի հավաստիքը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am