Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վատիկանի արխիվների վկայությունները կասկած չեն թողնում, որ Թուրքիայի իշխանությունները հայերին բնաջնջելու նպատակ են ունեցել

Վատիկանի արխիվների վկայությունները կասկած չեն թողնում, որ Թուրքիայի 
իշխանությունները հայերին բնաջնջելու նպատակ են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի արխիվներում հայտնաբերված վկայությունները որևէ կասկած չեն թողնում, որ առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը հայերին ոչ թե վերաբնակցնելու և պատերազմի վտանգից հեռու պահելու, ինչպես պնդում են Թուրքիայի ներկայիս իշխանությունները, այլ բնաջնջելու նպատակ են հետապնդել: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում «Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսության ընթացքում այս մասին ասաց գերմանացի պատմաբան Միխաել Հեզեմաննը՝ ներկայացնելով  Հռոմի Սուրբ աթոռի արխիվներում կատարած իր ուսումնասիրության արդյունքները Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի վերաբերյալ:

«Այդ ժամանակ Թուրքիայի իշխանությունները պլան են ունեցել ոչնչացնել քրիստոնյա բնակչությանը: Կան անհերքելի ապացույցներ առ այն, որ հայկական հարցի ուժով լուծումը ծրագրված էր դեռևս առաջին աշխարհամարտից տարիներ առաջ: Պատերազմն ընդամենը առիթ էր իրենց կողմից երկար սպասված պլանը իրականացնելու համար: Երիտթուրքերի նպատակն էր ուժեղացնել թուրք ազգը՝ ստեղծելով  ընդհանուր արժեքներ դավանող համասեռ բնակչություն: Նրանք գտնում էին, որ ապագա Թուրքիան պետք է բաղկացած լինի բացառապես թուրքերից, որոնք համախմբված կլինեն մեկ կրոնի՝ սուննի իսլամի շուրջ: Այս տեսլականում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար տեղ չկար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատմաբանը՝ մեջբերելով Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից 1915թ. հուլիսի 16-ին Վաշինգտոն հեռագրված զեկույցը. «Ըստ ամենայնի, սանձարձակվել է ազգի ոչնչացման մի ամբողջ արշավ, և այն այժմ ընթացքի մեջ է ընդվզման դեմ հակամիջոցներ կիրառելու պատրվակի տակ»:

Հեզզեմանը մեջբերեց նաև Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի խոսքերը՝ ուղղված Գերմանիայի դեսպանատան աշխատակից Յոհան Մորդմանին՝ ըստ վերջինիս Բեռլին ուղարկած զեկուցագրից. «Թուրքական կառավարությունը պատերազմն օգտագործում է որպես առիթ իր ներքին թշնամիներից  ազատվելու համար, որոնք են  տեղի քրիստոնյաները, և սա կատարվում է առանց տեղի օտար ազգերի դիվանագիտական միջամտության»:

Առաջին աշխարհամարտի տարիներին Կոստանդնուպոլսում Սուրբ աթոռի պատվիրակ Անջելո Դոլչին 1915թ, օգոստոսի 20-ին գրել է. «Անհնար է պատկերացնել, թե ինչ է կատարվում երկրի ներսում: Ամբողջ հայկական ազգաբնակչությունը բռնի կերպով տեղահանվում  է քաղաքներից և գյուղերից և տարվում է անհայտ ուղղությամբ: Երբեմն այդ դժբախտներին՝ ծերերին, թույլերին և երեխաներին թույլ են տալիս իրենց հետ վերցնել ամենաանհրաժեշտ իրերը, բայց մեծ մասամբ ժողովուրդը ոտքով չոր ու ցամաք անապատներով ստիպված են քայլել, շատերն ուժասպառ են լինում և մահանում են ամեն տեսակ զրկանքների ենթարկվելով: Մյուսները գնում են զինյալ էսկորտների ուղեկցությամբ, որոնք իբր թե պաշտպանում են նրանց, սակայն այդ էսկորտները շատ հաճախ հենց իրենք են ամենամեծ վտանգը ներկայացնում տեղահանվածների համար: Քարավաններից շատերը մորթվել են, հենց դուրս են եկել տեսադաշտից և հայտնվել են հեռավոր վայրերում: Տեղահանվածների ընդամենը 20 տոկոսն է հասել սիրիական անապատներում գտնվող համակենտրոնացման ճամբարներ: Մնացածը կամ սովամահ են եղել կամ հիվանդությունից են մահացել, կամ էլ մորթվել են: Արդեն հաջորդ տարի կենդանի է մնացել տեղահանվածների միայն 3 տոկոսը»:

Միխեիլ Հեզզեմանը ներկայացրեց նաև Էրզրումում կապուցինների ղեկավար հայր Նորբերտ Հոֆերի վկայություններն այն մասին, թե առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայից տեղահանված հայերը ինչ վիճակում են հասել Հալեպ. «Սովորաբար, Հալեպ էին հասնում միայն կանայք, որովհետև տղամարդիկ մորթվում են կամ ավելի շուտ մահանում են զրկանքներից ու սովամահությունից: Հալեպի Խանի թաղամասում նա տեսել է հարյուրավոր մարդկանց, ովքեր նստած են չոր գետնին: Նրանց մեծ մասը մայրեր են եղել, ովքեր գրկում պահել են իրենց՝ արդեն մեռած կամ դեռ շնչող երեխաներին: Մի կին, ով փորձել է մեղմացնել նրանց տառապանքները, պատմել է, որ այդտեղից ամեն օր մոտավորապես 20 դիակ է հանել»:

Գերմանացի պատմաբանը հավելեց, որ Վատիկանի փաստաթղթերով Թուրքիայի իշխանությունների վայրագությունների արդյունքում զոհերի ընդհանուր թիվը մեկ միլիոնից ավել է: Նա ընդգծեց, որ  հայկական կաթոլիկ պատրիարքարանը 1916թ. փետրվարին գրել է, որ 1 միլիոն զոհ արդեն հաշվառված էր՝ նախքան սիրիական անապատներում տեղի ունեցած կոտորածը: Վանական Միքայել Լիբլը 1917թ. սեպտեմբերի 30-ին ասել է, որ 2.3 միլիոն հայերից, որոնք ապրում էին Թուրքիայում, մոտ 1.5 միլիոնը ոչնչացվել են թուրքերի կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am