Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել կամավորների ֆինանսական աջակցության վերաբերյալ

ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել  կամավորների ֆինանսական աջակցության 
վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը նշել է, որ պաշտպանության բանակի կողմից կամավորների մի մասին արդեն տրվել է կանխավճար, սակայն կառավարությունը հաստատել է, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5,000 դրամ՝ առանց եկամտային հարկի: «Որոշումը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը ցածր է 150,000 դրամից, կտրամադրենք ստացած գումարի տարբերությունը: Ծրագրում ընդգրկված են նաև մի շարք խոշոր տնտեսվարող կազմակերպությունների աշխատակիցներ»,- ասել է վարչապետը:

Այնուհետև զեկույցով հանդես է եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նրա խոսքով՝ համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են կամավորների ցուցակները, և հունիսի 6-ից «Արցախփոստ» ՓԲԸ միջոցով կսկսվի այդ գումարների տրամադրման գործընթացը: «Ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախփոստ»-ի բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները, և արդեն հաջորդ փուլում կտրամադրենք նրանց գումարները ևս»,- ասել է Ս. Ավանեսյանը:

Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել պաշտպանության բանակի համապատասխան կառույցներին և շրջվարչակազմերին՝ համակարգված աշխատանք իրականացնելու համար, որպեսզի գործընթացը զերծ լինի բացթողումներից: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ բանկերի ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ բանկային պարտավորություններ ունեցող կամավորները վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորություն կունենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am