Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկացիները նշում են Հիշատակի օրը

Ամերիկացիները նշում են Հիշատակի օրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիները նշում են Հիշատակի օրը՝ հարգանքի տուրք մատուցելով տարբեր ժամանակներում մարտի դաշտում ընկած համաքաղաքացիներին: Մարդիկ ծաղիկներ են դնում զինվորական հուշահամալիրներում եւ մեծարում են վետերաններին: Մինչեւ կեսօր ԱՄՆ-ում խոնարհված կլինեն դրոշները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահ Բարաք Օբաման նախ Սպիտակ տանը կհանդիպի վետերանների հետ, իսկ ապա Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերի եւ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ, ավանդույթի համաձայն, Վաշինգտոնի մերձակա Առլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին, որտեղ հանգչում են ավելի քան 300 հազար զինծառայողների աճյուններ:   

Հիշատակի օրվա պատվին Վաշինգտոնի կենտրոնական փողոցներից մեկով կանցնի գունեղ շքերթ՝ վետերանների, ինչպես նաեւ նվագախմբերի, բոլոր 50 նահանգներից պատմական ակումբների «գնդերի» անդամների մասնակցությամբ, որոնք հագած կլինեն տարբեր դարաշրջանների ամերիկյան զորքերի, այդ թվում «հյուսիսցիների» եւ «հարավցիների» համազգեստներ: Նրանք կանցնեն 15-կիլոմետրանոց այն ուղու սոսկ մի մասը, որով նախօրյակին երեք ժամ անընդհատ հոսքով շարժվում Էին հարյուր հազարավոր մոտոցիկլետներ՝ ծածանվող ազգային դրոշներով: «Ազատության արշավ» մոտովազքը կազմակերպել Էր «Սլացող որոտ» շարժումը: Այն ավարտվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Կորեայում եւ Վիետնամում զոհվածների հուշարձաններին ծաղկեպսակներ դնելով:

Տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամակով 24:00-ին)  ամբողջ երկրում կհայտարարվի լռության րոպե:

Հիշատակի օրն ամերիկացիներն առաջին անգամ նշել են 1868 թվականի մայիսի 30-ին՝հարգանքի տուրք մատուցելով Հյուսիսի եւ Հարավի միջեւ քաղաքացիական պատերազմում զոհվածների հիշատակին: Այն ժամանակ ծաղիկներով Էր զարդարվել Առլինգտոնի գերեզմանատանը թաղված 20 հազար զինվորների գերեզմանները: 1971 թվականին Հիշատակի օրը հայտարարվեց համազգային հանգստյան օր:     

Հիշատակի օրն ամերիկացիները հիշում են այն բոլոր պատերազմների մասնակիցներին, որոնք վարել Է Միացյալ Նահանգները՝ Հյուսիսի եւ Հարավի միջեւ քաղաքացիական պատերազմից մինչեւ Իրաք եւ Աֆղանստան: Վիետնամում զոհվել են 58 հազար ամերիկացիներ, Կորեայում՝ 54 հազար, Իրաքում՝ շուրջ 4,5 հազար, Աֆղանստանում՝ ավելի քան 2,2 հազար ամերիկացիներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում մարտնչել են 16 միլիոն ամերիկացի զինվորներ եւ սպաներ, նրանցից 406 հազարը տուն չի վերադարձել: ԱՄՆ-ի համար ամենաարյունահեղը եղել Է 1861 – 1865 թվականների քաղաքացիական պատերազմը, որը շուրջ 620 հազար մարդու կյանք խլեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am