Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում ամերիկացի կամավորը զգում է իրեն ինչպես տանը

Հայաստանում ամերիկացի կամավորը զգում է իրեն ինչպես տանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարդիկ շատ ջերմ են եւ հյուրընկալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ամերիկյան «Խաղաղության կորպուս»-ի շրջանակներում Արիզոնա նահանգից Հայաստան ժամանած կամավոր Մարթա Էն Քեսովակը, ով 2015 թվականի նոյեմբերից գործունեություն է ծավալում Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ «Թեպետ Ամերիկայից եմ, սակայն արմատներով սերբ եմ, եւ ինձ ավելի շատ հարավային Եվրոպայի մշակույթի կրող եմ համարում. այնտեղ բոլորը ջերմ են եւ ներառված հասարակության մեջ, այդ իսկ պատճառով ես այստեղ իրոք ինձ իմ տանն եմ զգում։  Քանի որ ճանաչում եմ աշակերտներին, դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին միայն 5 բաժակ սուրճ եմ ըմպում։ Քայլում եմ ու մեկ էլ տեսար, մի աշակերտ հրավիրում է իրենց տուն սուրճ ըմպելու, հետո մյուսը, ես էլ չեմ կարողանում մերժել»,- ասաց կամավորը։  

Մարթա Էն Քեսովակը Գետաշենի դպրոցում անգլերենի խմբակի շրջանակներում օգնում է աշակերտներին բարելավել անգլերենի իմացությունը։ Նրա խոսքով՝ աշակերտների հետ աշխատելու հարցում շատ են օգնել ուսուցիչները:

«Ես իմ կազմակերպության ամենահաջողակ կամավորներից եմ, քանի որ բոլորը այնքան ջերմ ընդունեցին ինձ։ Հատկապես սկզբնական շրջանում, երբ եկա Հայաստան եւ ընդհանրապես հայերեն չգիտեի,  իմ գործընկերները շատ օգնեցին։ Այժմ մենք բավականին արդյունավետ ենք համագործակցում միմյանց հետ, հուսամ՝ ես  էլ փոխադարձաբար օգնում են նրանց ընդլայնել ագլերենի ծրագիրը»,- նշեց նա։  

«Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչպիսի ներուժ ունեն երեխաները հատկապես այս լեզուն ուսանելու հարցում, կամավորը պատասխանեց.

«Ես կարծում եմ այժմ մի փոքր դժվար է, քանի որ ծրագիրը դեռ սկզբնական մակարդակում է, եւ դեռ վաղ է խոսել ինչ-որ գնահատականի մասին։ Ամեն դեպքում կարծում եմ՝  նրանք իրոք շատ արագ են ըմբռնում ամեն ինչ. դժվարություններից մեկը, որը, թերեւս, հանդիպում է ցանկացած լեզու սովորելու հարցում,  գործնական աշխատանքի պակասն է, պետք է գործնականում շատ աշխատել։ Այդպես չի լինի, որ դպրոցում սովորես, գնաս տուն ու մոռանաս, չաշխատես, դա վերաբերում է յուրաքանչյուր ոլորտին, այդ իսկ պատճառով մենք  պետք է փոխենք մոտեցումները, քանի որ աշակերտներն անգամ տանը պետք է աշխատեն։ Ընտանիքներն էլ պետք է օգնեն նրանց այդ հարցում։ Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է այդ փոխադարձ աջակցության առկայությունը»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am