Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը փաստաթուղթ ստորագրելու մասին լուրերը իրականության հետ աղերս չունեն

Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը փաստաթուղթ ստորագրելու մասին լուրերը 
իրականության հետ աղերս չունեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսին հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, այդպիսի լուրերը չեն համապատասպանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստին 2015-ի բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Որևէ ստորագրության մասին ոչ միայն վաղաժամ է խոսելը, այլև անիմաստ: Որևէ փաստաթուղթ չկա, որ ստորագրվի»,-նշեց ԱԳ նախարարը:

«Կողմերը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարի ներկայությամբ պայմանավորվել են այն, ինչ ներկայացվել է եռանախագահող երկրների հայտարարության մեջ: Կարող էր այն լինել հնգակողմ` ներառելով Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանին, բայց, այո, Ադրբեջանը հրաժարվեց միանալ այդ հայտարարությանը, դա դարձավ եռակողմ հայտարարություն»,-ասաց Նալբանդյանը:

Կարևորելով նշյալ հայտարարության մեջ արտացոլված կետերը` նախարարը նշեց, որ բանակցությունների վերսկսման համար պետք է լինեն համապատասխան պայմաններ: «Եթե ստեղծվի մոնիտորինգի մեխանիզմների ներդրման հնարավորություն ու ընդլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները, այսինքն` բացառվեն այնպիսի զարգացումները, որ եղան ապրիլի սկզբին, ապա հնարավորություններ կան վերսկսվելու այդ բանակցությունները»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:  

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար ՍերգեյԼավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿգործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am