Նոյեմբերյանը կընդգրկվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է լրացում կատարել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ՝ այնտեղ ներառելով նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 26-ի նիստի օրակարգում: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է Նոյեմբերյանի բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով համայնքի բնակիչներին տրամադրել սոցիալական աջակցություն՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման տեսքով:
Նոյեմբերյանն ունի էլեկտրաէներգիայի 1650, գազի 1551 շահառու:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ 2016 թվականի մայիսի 4-ին Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ տեղի բնակիչները բարձրացրել էին Նոյեմբերյանը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Հովիկ Աբրահամյանը խոստացել էր սեղմ ժամկետում հարցը քննարկել կառավարությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում