Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կանադայում բնակվում է մոտ 80 հազար հայ. համայնքն ակտիվ է բոլոր ոլորտներում

Կանադայում բնակվում է մոտ 80 հազար հայ. համայնքն ակտիվ է բոլոր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում բնակվում է մոտ 80 հազար հայ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատրյանը: Նրա խոսքով, հայերը աշխույժ ներկայություն ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում` քաղաքական կյանքում:

«Ունեցել ենք պատգամավոր, ունենք աշխույժ ներկայություն քաղաքների կառավարման մակարդակում: Օրինակ, Մոնրեալում, որտեղ 4,5 մլն բնակչություն կա, իսկ տեղի հայերի թիվը 25 հազար է, մենք քաղաքապետական խորհրդում ունենք 3 հայ, որոնցից մեկը փոխքաղաքապետն է»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Նրա խոսքով, տեղի հայերը լուրջ հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում: Մշակույթի ոլորտում բավական ճանաչված է ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Ըստ Հակոբ Տեր-Խաչատրյանի, նա Կանադայի լավագույն ռեժիսորներից է համարվում: Կանադայում ճանաչված է երաժիշտ Փիթր Ունջյան:

Կանադայում գործում են հայկական միություններ, երիտասարդական կազմակերպություններ: Ըստ  Հակոբ Տեր-Խաչատրյանի` բոլոր անհրաժեշտ պայմանները կան հայոց  լեզուն, մշակույթը պահպանելու,  զարգացնելու համար:

«Ես կարող եմ ասել, որ Կանադայի հայ համայնքը այն լավագույն համայնքներից է, որը կարողացել է պահպանել ու զարգացնել իր լեզուն և մշակույթը: Ունենք հայկական ամենօրյա վարժարաններ, որոնք մեծ զոհողությամբ ենք պահում: Դրանք սեփական են, պետական չեն: Յուրաքանչյուր երեխայի համար ծնողները տարեկան վճարում են 5 հազար ԱՄՆ դոլար, որը բավական մեծ գումար է: Մինչդեռ հանրային վարժարան գնալով, կարող էին ոչինչ  չվճարել: Ողջունելի է, որ շատերի մոտ կա լեզուն պահպանելու գիտակցումը: Ուրախ եմ ասելու, որ Մոնրեալում գործող մեր վարժարանը հազարից ավելի աշակերտ ունի, Տորոնտոյի վարժարանը 600 աշակերտ ունի: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ հայկական վարժարաններում շուրջ 2 հազար 500 աշակերտ է սովորում»,-ասաց  Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքի իրադարձություններով պայմանավորված Կանադա եկած սիրիահայերին` Հակոբ Տեր-Խաչատրյանը նշեց, որ տեղի հայ համայնքը սիրիահայերին փորձում է աջակցել ինչով հնարավոր է:

«Մեր տվյալներով, Կանադայում շուրջ 4 հազար սիրիահայ կա` որպես փախստական: Երբ հասնում են, անձնական նախաձեռնությամբ կամ երաշխավորներով տրամադրում ենք ամեն տեսակի օժանդակություն` նյութական, փաստաթղթերի ամբողջացում: Կենտրոններում իրենց համար ընդունելություն ենք կազմակերպում: Դրանից բացի, սիրիահայերի համար հայկական կրթօջախներում ուսումն անվճար է»,-հավելեց Հակոբ Տեր-Խաչատրյանը: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am