Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանի հայտարարությունը ԼՂՀ դեմ տապալված ռազմական ագրեսիան արդարացնելու ճիգ է. ԼՂՀ ԱԳՆ

Ադրբեջանի հայտարարությունը ԼՂՀ դեմ տապալված ռազմական ագրեսիան արդարացնելու ճիգ 
է. ԼՂՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն ադրբեջանական կողմի այն հայտարարարությունը, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը գնդակոծում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, համարում է ԼՂՀ դեմ սանձազերծած տապալված ռազմական ագրեսիան արդարացնելու ճիգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի այն մեղադրանքները, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը գնդակոծում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը», ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է. «Նման հայտարարություններով Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում, որ սեփական ցինիզմն ու ճիգերը՝ արդարացնելու ԼՂՀ դեմ սանձազերծած տապալված ռազմական ագրեսիան ու ադրբեջանական բանակի կողմից իրագործվող բազմաթիվ ռազմական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։

ԼՂՀ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված անհերքելի ապացույցները, որ Ադրբեջանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը տեղակայում է իր ռազմական օբյեկտները շփման գծի մերձակա բնակավայրերում, վերածելով դրանք ԼՂՀ խաղաղ բնակչությանը սպառնացող կրակային հենակետերի, ցուցադրում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գանգատների կեղծիքը և որդեգրած ռազմավարության հանցավոր բնույթը։

Ինչպես արդեն հայտարարել ենք, ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am