Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Ամբողջ աշխարհն է հիշում հայերին». Քլունին հակադարձեց Հիտլերին

«Ամբողջ աշխարհն է հիշում հայերին». Քլունին հակադարձեց Հիտլերին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան կես դար առաջ Ադոլֆ Հիտլերի «այսօր ով է հիշում հայերի կոտորածները» արտահայտությանը կինոռեժիսոր, պրոդյուսեր, օսկարակիր դերասան Ջորջ Քլունին պատասխանում է՝ «ամբողջ աշխարհը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին աշխարհահռչակ դերասանը խոսեց Երևանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:

Քլունին կենաց է ասում

Այն ժամանակի ընթացքում, որ անցկացրել եմ Հայաստանում, հասկացել եմ, որ ամենասիրելի զբաղմունքներից մեկը կենաց ասելն է ու հիմա կցանկանամ կենաց ասել՝ թեև խմիչք չունենք: Ցանկանում եմ խմել Ռուբենի, Վարդանի ու Նուբարի կենացը: Այն, ինչ արել եք ու անում եք, բացառիկ է, դա ճիշտ գործ է: Եթե մենք մրցանակ տայինք մեկ այլ վայրում, հավանաբար, ձեզ կտայինք: Դուք աշխարհն ավելի լավն եք դարձնում, ես հպարտ եմ ձեզանով ու այստեղ լինելու համար:

Այն, ինչ հայերի հետ կատարվեց 101 տարի առաջ, նորից ու նորից կրկնվեց հետագայում

Երբ ցեղասպանություն բառը դեռ չէր ներմուծվել մեր բառապաշար, բոլորը շատ լավ գիտեին ցեղասպանություն բառի բնութագրիչների մասին: Սրա հիմքում ընկած է դաժանությունը, ոչ թե ինքապաշտպանությունը, ոչ անգամ պատերազմը, այլ մի ամբողջ ժողովրդի նպատակադրված ոչնչացումը: Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, իսկ դրանից հետո մենք նորից ու նորից տեսնում ենք դրա կրկնությունը տարբեր ծագերում. Գերմանիա, Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա: Ես դա տեսել եմ Դարֆուրում մարդկանց կոտրված մարմիններում, կոտրված ընտանիքներում, կոտրված սրտերում: Ես տեսել եմ, թե մարդն իր վատթարագույն դրսևորումներով ինչի է ունակ: Ես մի ուրիշ բան էլ եմ տեսել, մի բան, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Ես տեսել եմ խիզախություն ու բարություն, սիրո անհավատալի դրսևորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները:

Հայացք թեքելու իրավունք չունենք փախստականներից

Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռալանդիայից գաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց գոյության թիվ մեկ պայմանը բնակարանն էր, հացը, օգտակար ձեռքը: Մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի ամենահրատապ պահին մեզանից հայացք չթեքած բարի մարդկանց ուսերին: Եթե ուզում ենք գոյատևել որպես տեսակ, հայացք թեքելու իրավունք չունենք ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից: Մենք նրանց անվանում ենք փախստականներ, բայց նրանք մարդիկ են ինձ ու ձեզ պես: Եթե կանգնեք նրանց դեմ դիմաց ու նայեք նրանց աչքերի խորքը, կտեսնեք նույն այն իռլանդացի հողագործին, ով սովից փախչում էր Ամերիկա, երիաստարդ հայ կնոջը, որի անունը Ավրորա էր, ով տուն էր փնտրում: Մեր պատմության ինչ-որ փուլում մեզ ընծայվել է մարդկության պարգևը:

Ամբողջ աշխարհն է հիշում հայերին

Այսօրվա մրցանակը մեծարում է այն հերոսությունը, խիզախությունը, որն ավելին է, քան մեզանից շատերը կարող են անել իրենց կյանքում: Բայց մյուս կողմից՝ մեր հավակնորդները դա չեն սովորել ինչ-որ հերոսական դպրոցում, նրանք եղել են սովորական մարդիկ, որոնց տեսնում ենք ամեն օր, ովքեր տեսել են կարիքն ու արձագանքել, բացառիկ քայլ կատարել: Այսօր մենք պատվում ենք նրանց, ավելին՝ մենք պատվում ենք այն 1.5 միլիոն կյանքերը, որոնք կորան 101 տարի առաջ:

Մենք ողբերգությունը կոչում ենք իր անունով՝ ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հայտնի է, որ մի օր Հիտլերն ասել է՝ «այսօր ով է հիշում հայերին», սա է պատասխանը՝ «ամբողջ աշխարհը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am