Ռոգոզինը Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կշարունակի պայմանագրերին համաձայն զենք մատակարարել Ադրբեջանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ապրիլի 8-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Նա այս մասին հայտնել է պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն ծրագրո՞ւմ է շարունակել նման մատակարարումները: «Ամեն ինչ պայմանագրերի համաձայն է: Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են», -ասել է Ռոգոզինը:
2015 թվականի սկզբին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ավարտում է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարումները: «Ռոսօբորոնէքսպորտ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2017 թվականին կավարտի 2010 թվականին կքնված պայմանագրի համաձայն` Ադրբեջանին սպառազինության եւ տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումը:
ԶԼՄ-ների տվյալներով` խոսքը այդ թվում նաեւ երեք գումարտակ Տ-90Ս տանկերի եւ երեք գումարտակ ԲՄՊ-3-ի (մոտ 100 մեքենա), ինչպես նաեւ ինքնագնաց հրետանիի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի եւ ծանր հրանետ համակարգերի պայմանագրերի մասին է:
Ադրբեջանը ՌԴ-ից տանկերի հետ գնում է ԲՐԷՄ-1Մ զրահապատ վերանորոգման-տարհանման մեքենաներ, Տ-90 տանկի բազայի վրա ԻՄՊ-3Մ ինժեներական մեքենաներ, ռեակտիվ համակարգերի սպասարկման ու կառավարման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:
Փորձագետները նշել էին, որ պայմանագրերի այդ փաթեթի արժեքը կազմել է մինչեւ 1 մլրդ դոլար: Բաց աղբյուրների տվյալներով` 2010 թվականին պայմանագիր էր ստորագրվել Ադրբեջանին նաեւ ՄԻ-35Մ տեսակի 24 ուղղաթիռներ մատակարարելու մասին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ սպառազինության մատակարարման ժամանակ Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում բոլոր ռիսկերը:
«Սպառազինության ցանկացած մատակարարում, ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին, մեր կողմից իրականացվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մանրակրկիտ հաշվառման անհրաժեշտության պահպանմամբ», -նշել էր նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում