Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Վալենսիայի հայ համայնքը ևս միացել է Ադրբեջանի ագրեսոր քաղաքականության դեմ բողոքի ակցիաներին

Վալենսիայի հայ համայնքը ևս միացել է Ադրբեջանի ագրեսոր քաղաքականության դեմ բողոքի 
ակցիաներին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալենսիայի «Արարատ» միության նախաձեռնությամբ ապրիլի 5-ին համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ, որին զոհ են գնացել ոչ միայն հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողներ, այլև խաղաղ բնակիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայկական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Վալենսիայի խորհրդարանի(Corts Valencianes) առջև իրենց բողոքն արտահայտելու նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, Ժողովրդական կուսակցության անդամ Պեդրո Ագրամունտի` եվրոպացի պատգամավորին ոչ հարիր վարքագծի և իրավիճակը սրող հայտարարությունների համար:

Խաղաղ ցույցին մասնակցել են տարբեր տարիքի ու սեռի մարդիկ: Նրանք պարզել են ՀՀ, ԼՂՀ և Իսպանիայի դրոշները, Մարտունիում հրետակոծությունից զոհված Վաղինակ Գրիգորյանի նկարով, «Լեռնային Ղարաբաղն անկախ է» գրությամբ պաստառներ, ինչպես նաև ցուցանակ, որում պատկերված են Ալիևն ու Ագրամունտը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը: 

Լուսանկարները՝ Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լուսինե Գաբրիելյանի Ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am