Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անմեղ մարդկանց կորուստները պարտադրում են մեզ միասնականորեն դիմագրավել ահաբեկչության չարիքին. ԱԺ պատգամավոր

Անմեղ մարդկանց կորուստները պարտադրում են մեզ միասնականորեն դիմագրավել 
ահաբեկչության չարիքին. ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը սատարում է ազգային, կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերն ու անհրաժեշտ համարում «ահաբեկչություն» երևույթի դեմ համատեղ պայքարը: Այս համատեքստում Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ տարածքից փախստականների հոսքերի հետևանքով առաջացած ճգնաժամերի կարգավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով համաժողովի ժամանակ: «Ժամանակից աշխարհում օր օրի ահագնացող ահաբեկչության դեմ պայքարը դարձել է յուրաքանչյուր պետության և միջազգային կառույցի առաջնային հանձնառությունը: Ահաբեկչության հանդեպ վախը դարձել է անասելի իրական, սակայն միջազգային հանրությունը պետք է գործի դնի իր բոլոր ունակություններն ու կարողությունները կյանքը սովորական հուն վերադարձնելու համար: Քաղաքակիրթ հանրության վերապրումները, անմեղ մարդկանց կորուստները պարտադրում են մեզ միասնականորեն դիմագրավել ահաբեկչության չարիքին»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է այն ժամանակաշրջանում, երբ Եվրոպան սառը պատերազմից հետո ապրում է իր ամենաբարդ օրերը: «Երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում ենթադրում է հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորումից մինչև հասարակությունների միջև երկխոսության հաստատում: Մենք այս հարցում բազմիցս մեր աջակցությունն ենք հայտնել ու, նկատի ունենալով հակամարտությունների կարգավորման մեր մոտեցումները, միշտ կարևորել ենք երկխոսության և հասարակություններին խաղաղությանը պատրաստելու, հասարակություններում վստահության բարձրացմանն  ուղղված գործողությունները»,-շեշտեց պատգամավորը:

Արտակ Զաքարյանը նկատեց, որ ներկայում ԵԱՀԿ տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվող երկրներին միավորող օղակն անվտանգության ապահովումն է` հավելելով, որ Հայաստանը միշտ էլ բարձր է գնահատել անվտանգության թեմաներով համագործակցությունը: Նա վստահեցրեց, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ քաղաքական օրակարգերին ու տարբեր տարածաշրջաններում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am