Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական 
փոխգործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 18-ին  ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտ­պանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին:

Վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուչկովին՝ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ և բարձր գնահատել նրա ներդրումը նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացումը և խորացումը, որի ուղղություններից մեկն էլ արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման բնագավառում համագործակցության ընդլայնումն է: Վարչապետը ողջունել է մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ գործունեություն կծավալի:

Վլադիմիր Պուչկովը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելը: Պարոն Պուչկովը կարևորել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի այդ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության որակապես նոր մակարդակի բարձրացմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունների փոխգործակցության կապակցությամբ և կարևորել ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրա զարգացումն ու խորացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am