Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեառնընդառաջի կրակը վառվեց Գեղարքունիքի մարզի բոլոր եկեղեցիներում

Տեառնընդառաջի կրակը վառվեց Գեղարքունիքի մարզի բոլոր եկեղեցիներում

ԳԱՎԱՌ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարամյակներ շարունակ հայերի մոտ մեծ Ժողովրդականություն վայելող Տերնդեզը կամ Տեառնընդառաջը Գեղարքունիքի մարզում նշում են թե ընտանիքներում, թե եկեղեցիներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանը, Գեղարքունիքի մարզի հինգ տարածաշրջանների բոլոր ծխատեր եկեղեցիներում փետրվարի 13-ին տրվել է երեկոյան ժամերգություն, որից հետո բոլոր եկեղեցիների բակերում վառվել է Տեառնընդառաջի կրակը՝ իր շուրջ հավաքելով ազգաբնակչությանն ու նորապսակներին:

Տեառնընդառաջը շուքով նշվեց Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկվեց փետրվարի 13-ի երեկոյան: Համաձայն եկեղեցական կարգի՝   երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց նախատոնակ, որն էլ ազդարարեց տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի եւ այգիների օրհնություն:

Ապա եկեղեցու բակում կրակ վառվեց` իր շուրջ հավաքելով նախորդ տարվա փետրվարից մինչեւ այս օրը ամուսնացած նորապսակներին: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի օրհնությունը ստացան ու պսակվադրվեցին ամուսնական  երեք զույգ: Փետրվարի 14-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կտրվի պատարագ ու կանցնացվի նորապսակների օրհնության կարգ: 

Տեառնընդառաջի տոնակատարությունը իրենց մասնակցությամբ առանձնակի շուք ու աշխուժություն  կհաղորդեն Գավառի Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի սաները եւ «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության անդամները:

Համայնքային կենտրոնի սաները հանդես կգան երաժշտական համարներով, ինչպես նաեւ ծիսակատարության մասնակիցներին կբաժանեն աղանձի տոպրակներ ու տարոսիկներ, որոնք եւս խորհրդանշում են տոնի խորհուրդը: «Գեղարեգ» հասարակական կազմակերպության անդամներն էլ կներկայանան ազգային ու ազգագրական երգ ու պարով՝ հարստացնելով տոնի գեղարվեստական մասը:

Տեառնընդառաջը փետրվարի 13-ին առանձնակի շուքով նշվեց բոլոր այն ընտանիքներում, որոնք կազմավորվել են նախորդ տարվա փետրվարի 13-ից հետո եւ առաջին անգամ են դիմավորում տոնը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am