Բաքվում երկու դատապարտյալ խոշտանգումներից մահացել է
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քրեակատարողական հաստատություններն արագորեն վերածվում են դատապարտյալների սպանության կետերի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, փետրվարի 12-ին Բաքվի թիվ 6 քրեակատարողական ծառայության հաստատությունում վերակացուները մահացու ծեծի են ենթարկել երկու դատապարտյալների, երկու դատապարտյալներ կիսակենդանի վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Եվս երկու դատապարտյալի ճակատագրի մասին էլ տեղեկություններ չկան:
Թերթին հասած տեղեկությունը հաստատել է մահացածներից մեկի եղբայրը` Ռամին Իբրահիմովը:
«Զանգահարեցին եւ հայտնեցին, որ Նուրանին մահացել է ստամոսքի ցավերից, նրա դիակը դիահերձարանում է: Գնացինք այնտեղ եւ տեսանք, որ նրա ոտքերը կոտրված են, կրունկները սեւացել են, իսկ թոքերը հարվածներից բզկտվել: Նրան ծեծել եւ սպանել են», -ասել է նա` նշելով, որ իր 23-ամյա եղբայրն ընդամենը 10 օր առաջ էր տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:
«Երկրորդ մահացածի` Սահիբ Աբբասովի մարմինը տարել են Գյանջա: Մյուս դատապարտյալները` Էլմիրը եւ Թարիելը, ծանր վիճակում հիվանդանոցում են: Մնացած երկու դատապարտյալների մասին տեղեկություն չկա», -հավելել է նա:
Ադրբեջանի քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը հրաժարվել է պատասխանել թերթի հարցմանը:
Թերթը գրում է, որ նման սպանություններ Ադրբեջանի Քերակատարողական հաստատություններում առաջին անգամը չեն: 2014 թվականի դեկտեմբերի 22-ին Գարադաղի շրջանի թիվ 14 Քրեակատարողական ծառայության հաստատությունում մահացել էր դատապարտյալ Էլշադ Բաբաեւը: Հետո պարզվել էր, նա մահացել է սարսափելի խոշտանգումներից: Նրանց ծեծել եւ խոշտանգել են բանտի ղեկավարության ներկայացուցիչները:
Չնայած հետաքննությանը ներկայացվել էին խոշտանգումներն ապացուցող լուսանկարներ եւ այլ փաստեր, որեւէ միջոց չի ձեռնարկվել, գրել է թերթը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում