Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը շեշտադրել է տնտեսության զարգացման հիմնական սկզբունքները

ՀՀ նախագահը շեշտադրել է տնտեսության զարգացման հիմնական սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարիներին մեկնարկած մարտահրավերները նորովի են ներկայանում նաև մեր տնտեսության առջև՝ առաջ բերելով նոր ջանքերի, տնտեսական ծրագրերի և յուրահատուկ մոտեցումների ներդրման հրատապ անհրաժեշտություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ իր ելույթում:

ՀՀ նախագահի խոսքով` փոփոխված Սահմանադրությունը ժամանակի ընթացքում կապահովի նաև այն իրավական հենքը, որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման և ավելի արագ առաջ մղման համար: Սակայն, ըստ ՀՀ առաջնորդի, առանց այսօրվա անհրաժեշտ գործողությունների համալիրի հնարավոր չի լինելու ապահովել առաջընթացը:

«Այսօր տնտեսական քաղաքականության պատասխանատուների օրակարգի առաջին հորիզոնականում պետք գտնվեն հետևյալ հարցերը.

- Առաջինը մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումն է: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են գլոբալ զարգացումների համատեքստում մեր տարածաշրջանում և այլուր երկրները բախվում մակրոտնտեսական անկայունությունների հետ, որոնց ձգձգման պարագայում առաջ է գալիս տնտեսական ճգնաժամի վտանգ:

Այս տեսանկյունից 2015 թվականը մենք բավականին սահուն անցանք, ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից: Հայաստանում 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1 տոկոս, որն ամենաբարձրն է մեր անմիջական տնտեսական միջավայրում: Միևնույն ժամանակ տարեկան միջին գնաճը կազմել է 3,7 տոկոս, որն ամենացածրն է այդ նույն միջավայրում: Նմանատիպ պատկեր ունենք նաև ազգային արժույթի վարքագծում: Հայկական դրամը դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերի վերջին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ արժեզրկվել է 1,8 տոկոսով: Սա ազգային արժույթի արժեզրկման ամենացածր ցուցանիշն է նույն երկրների շարքում: Նշեմ նաև, որ 2015 թվականին հանրապետությունում միջին ամսական աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով՝ կազմելով 184 441 դրամ, ընդ որում աճը պետական համակարգում կազմել է 8,2 տոկոս, և 7 տոկոս՝ մասնավոր հատվածում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, արտաքին բացասական ազդակներն այսօր էլ շարունակվում են, և իշխանություններն աշխատանքի նույն տեմպը պահելու խնդիր ունենք: Այս առումով, ՀՀ նախագահը խիստ կարևորել է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը: Ըստ նրա, հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի դիսցիպլինար՝ մեծ ուշադրություն դարձնելով ինչպես հարկահավաքման սահունությանը, այնպես էլ ծախսերի կատարման արդյունավետության վրա: «Բոլոր պետական գերատեսչությունները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն մեծացնելու յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցի ստեղծած արդյունքը:

Թեև անցած ժամանակահատվածներում մեզ հաջողվել է ֆինանսական շուկաները զերծ պահել անհարկի վայրիվերումներից, ապագայում պետք է ապահովել անհրաժեշտ զգոնությունը՝ օպերատիվ կերպով հակազդելու ֆինանսական շուկաներ ներթափանցած բացասական ազդեցություններին: Վստահ եմ, որ Կենտրոնական բանկն ունի կարողություններ և մշակված անհրաժեշտ գործիքակազմ իր խնդիրներն իրագործելու և ժամանակին արձագանքելու արտածին բացասական գործոններին:

- Հաջորդը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է և նոր ներդրումների ներգրավումը: Այո՛, 2015թ. տնտեսական տարվա 3.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկա իրավիճակում, ի համեմատություն տարածաշրջանի և Հայաստանի գործընկեր երկրների, հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ: Սակայն տնտեսական աճի այդ մակարդակը բավարար չէ միջնաժամկետում հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործընթացների արագացման և նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Ընդ որում, ընդունված կանոն է, որ արտաքին աշխարհից ներդրումների ներհոսքի համար մակրոտնտեսական կայունությունը և բարենպաստ բիզնես միջավայրը պարտադիր, սակայն ոչ բավարար պայմաններ են. անհրաժեշտ է կատարվող աշխատանքներին զուգահեռ մեր երկրի հարաբերական առավելությունները ներդրումներ կատարելու տեսանկյունից ճիշտ փաթեթավորել և արտաքին ներդրողներին ներկայացնել»,- ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով` տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ է տրամադրել օժանդակություն և տնտեսական խթաններ: Յուրաքանչյուր երկրում, ՀՀ նախագահի համոզմամբ, տնտեսական առաջընթաց դիտարկվում է, երբ տնտեսավարողները գործունեություն ծավալելու և ընդլայնելու հստակ հեռանկար են տեսնում: Իսկ օբյեկտիվ գործոնների ներքո իրացման շուկաներում պայմանների վատթարացման դեպքում այդ հեռանկարները մշուշվում են՝ թուլացնելով տնտեսավարողների մոտ գործունեություն ծավալելու խթանները: Հետևաբար, ըստ նախագահի, գերխնդիր պետք է լինի օպերատիվ կերպով ախտորոշել ներմուծման հետ մրցող և արտահանող ընկերությունների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները և առկա գործիքակազմի զարգացման կամ նորի ստեղծման միջոցով նոր ազդակներ հաղորդել տնտեսավարողներին: Հանրապետության առաջնորդի խոսքով, անհրաժեշտ է նաև ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցության գործող հարթակները՝ այդ թվում գործող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ստեղծված գործարար խորհուրդները, որոնք ավելի կդյուրացնեն վերոնշյալ խնդիրների լուծումը:

«Եվ ի վերջո, այստեղ մեկ անգամ էլ հիշատակեմ այն սկզբունքները, որոնց մասին մենք միշտ խոսում ենք: Ինչպես արդեն պնդեցի քիչ առաջ, երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է: Անշուշտ, այստեղ էլ կարելի է ասել, թե իրականությունը հետ է մնում հռչակած նպատակներից. դա իրոք այդպես է: Բայց նախ դա ամենևին չի նշանակում, որ առաջընթացը պետք է չտեսնելու տանք, և երկրորդ՝ դրված նպատակների և իրականության միջև առկա խզումը մեզ պետք է ոչ թե մղի չխոսելու նպատակների մասին, այլ պետք է մղի համարժեք քայլերով արագացնելու այդ նպատակների ձեռքբերումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am