Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Չեխ գործարարները հետաքրքրված են էներգետիկայի ոոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

Չեխ գործարարները հետաքրքրված են էներգետիկայի ոոլորտում Հայաստանի հետ 
համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Երևանում երեկ մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կանցնի արդյունավետ և թույլ կտա բացահայտել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու ուրվագծել համագործակցության նոր ոլորտներ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում: 

Պարոն Մլադեկը բարձր է գնահատել երկու երկրների միջև փոխգործակցությունը և նշել, որ Երևանում ընթացող հայ-չեխական համաժողովին մասնակցում են շուրջ 30 չեխ գործարարներ: Նախարարի խոսքով, նրանք հետաքրքրված են հայ գործընկերների հետ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, մասնավորապես, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների մատակարարման հարցում: Այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են անցկացվել նաև ՀՀ էներգետիկայի նախարարության հետ: Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարը վստահություն է հայտնել, որ ապրիլին Պրահայում կայանալիք հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ևս նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը: 

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու գործարար ֆորումների շարունակական անցկացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Չեխիայի միջև տնտեսական կապերում առկա մեծ ներուժի իրացմանը: Առանձնակի կարևորվել է նաև Երևան-Պրահա չվերթի վերագործարկումը: Յան Մլադեկը տեղեկացրել է, որ այդ չվերթը, որն ունի մեծ պահանջարկ, արդեն 2016 թվականի մայիսից շաբաթական կիրականացնի 2-3 թռիչք: 

Այնուհետև զրուցակիցները քննարկել են չեխական ընկերությունների՝ հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում ներգրավելու հնարավորություններին, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները վերսկսելու չեխական կողմի պատրաստակամությունը: 

Հովիկ Աբրահամյանը և Յան Մլադեկն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ և արդեն իսկ մեկնարկել են նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները: Իր հերթին, պարոն Մլադեկն ավելացրել է, որ Չեխիան պատրաստ է օժանդակել ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ու վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am