Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Քաղաքացիական անձին թիրախավորելը ահաբեկչական պետության քայլ է. Արցախում արձագանքում են Ադրբեջանի պահվածքին

Քաղաքացիական անձին թիրախավորելը ահաբեկչական պետության քայլ է. Արցախում 
արձագանքում են Ադրբեջանի պահվածքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական անձին թիրախավորելը ահաբեկչական, հանցագործ պետության քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմից դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձի սպանությանը: «Մարդն անասնապահ է և դառնում է Ադրբեջանի թիրախը. սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մի պետության, որը «Իսլամական պետություն»-ից ոչնչով չի տարբերվում: Նա խախտում է բոլոր բարոյական, իրավական նորմերը:

Ադրբեջանը հայտարարում է, թե պահում է հայ պատանդների, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ժամանակակից աշխարհում պատանդներ են պահում ահաբեկիչները, հանցագործները, իսկ իրենք պետական մակադակով են դրա մասին հայտնում: Մենք գիտենք, թե ինչպիսի պետության հետ գործ ունենք, բայց միջազգային հանրությունը նույնպես պետք է համարժեք արձագանքի: Դժբախտաբար, այս բանը մենք չենք տեսնում»,-ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե արդյոք Ադրբեջանը նման քայլով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել արտաքին խնդիրների՞ց, Դավիթ Բաբայանը նշեց, որ ադրբեջանական իշխանությունների այդ մոտեցումը միշտ եղել է:

«Ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու տարբերակը միշտ էլ կա՝ հատկապես, երբ կան սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ: Ալիևի և իշխող վերնախավի համար ձեռնտու է, որ իրենք մեծ զոհեր տան: Դիակները տարբեր գյուղեր բերելով` նրանք դա վերածում են քաղաքական շոուի՝ ցույց տալով, որ ժողովրդի թշնամին հայերն են, ոչ թե կոռումպացված ռեժիմը»,-հավելեց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերի կողմից սահմանին իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, ադրբեջանցի զինվորները ետ են շպրտվել, նրանք ունեն բազմաթիվ կորուստներ: Դավիթ Բաբայանի խոսքով, սա իրենց համար ևս մեկ դաս է եղել: Ըստ նրա` որքան նման դեպքերը կրկնվեն, հակառակորդը ստանալու է համարժեք պատասխան:

Հակառակորդի կողմից փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am