Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չեխ նախարարն ակնկալում է երկկողմ տնտեսական ներուժի լիակատար օգտագործում

Չեխ նախարարն ակնկալում է երկկողմ տնտեսական ներուժի լիակատար օգտագործում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխ գործարարների ակտիվ մասնակցությունը «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովին ապացուցում է, որ նրանք հետաքրքրված են հայկական շուկայով և իրենց հայ գործընկերներին առաջարկելու բան ունեն բազմաթիվ ոլորտներում` ինչպես ավանդական, այնպես էլ  զարգացող: Երևանում նման հայտարարությամբ հանդես եկավ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը: «Հուսով ենք, որ այս այցը դրական ազդեցություն կունենա մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա: Չնայած մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունները երկար տարիների ավանդույթ ունեն, սակայն արդի տնտեսական համագործակցությունը չի համապատասխանում երկու կողմերի ներուժին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց չեխ պաշտոնյան:

Նրա դիտարկմամբ` խոստումնալից է էներգետիկայի ոլորտն իր բոլոր սեկտորներով, համագործակցության մեծ հնարավորություններ են տեսնում քաղաքային տնտեսության, արտադրական նոր հզորությունների արդիականացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Յան Մլադեկն իր ուրախությունը հայտնեց Հայաստանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման առնչությամբ:

Նա նաև նշեց, որ Չեխիան այլ երկրների պես հետաքրքրված է Իրանի հետ համագործակցությամբ, և հույս ունեն, որ Հայաստանը կարող է Չեխիայի ու Իրանի միջև կամուրջ հանդիսանալ:

Յան Մլադեկը տեղեկացրեց, որ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը կկայանա ապրիլի 25-26 Պրագայում, որի հիմնական նպատակն է խթանել գործարարների շփումը` չսահամափակվելով միայն պետական հաստատությունների միջև հարաբերություններով:

Փետրվարի 11-12-ին Հայաստան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, որի շրջանակներում անցկացվում է «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովը: Հայաստան են ժամանել նաև Չեխիայի տնտեսական պալատի փոխնախագահը, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը ԱՊՀ երկրներում, չեխական 27 ընկերությունների ներկայացուցիչներ: Չեխ գործարարները ներկայացնում են բանկային ու ներդրումային, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցների, արտահանման ապահովագրության, ցողունային բջիջների հետազոտության, բիզնես խորհրդատվության, էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am