Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սպասվող լրահոս. 09.02.2016

Սպասվող լրահոս. 09.02.2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Պոլսո պատրիարքի և Թուրքիայում հայկական համայնքի հաստատությունների վարչությունների ընտրության խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Արդեն տևական ժամանակ է այդ ընտրությունները չեն կայանում համայնքի ներսում ընդհանուր համաձայնության չգալու պատճառով: Այսօր` փետրվարի 9-ին, պոլսահայ համայնքի խնդիրներին է անդրադառնալու տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, պոլսահայ Սարգիս Հացպանյանը:

Օրվա լրահոսում Թուրքիայի թեման կշարունակվի, բայց  տարածաշրջանային զարգացումերի համատեքստոււմ: Մասնավորապես, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը, երկու կողմերից հնչած վերջին խիստ հայտարարությունները: Թեմային անդրադառնալու է հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Տարածաշրջանային զարգացումներին տնտեսական տեսանկյունից պատրաստվում է խոսել Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա անդրադառնալու է Իրանի պատժամիջոցների չեղարկմանն ու դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա: Տնտեսագետը չի շրջանցելու ռուսական ռուբլու արժեզրկման և Հայաստանի վրա դրա բացասական հետևանքների թեման:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունն ամփոփում է 2015 թ. գործունեության արդյունքները: Այդ կապակցությամբ կանցկացվի կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացում կամփոփվեն «Լավագույնն ըստ մասնագիտության» մրցանակաբաշխության արդյունքները: Նախարարության 2015 թ. լավագույնը ճանաչված աշխատակիցներն ու ստորաբաժանումները կպարգևատրվեն:

Օրեր առաջ շրջանառության մեջ է դրվել հակակոռուպցիոն օրենսդրական նախագծերի փաթեթը: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քայլերի արդյունավետության, սպասելիքների, հետագա անելիքների մասին իր դիտարկումներն է ներկայացնելու ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Փետրվարի 9-ն Ատամնաբույժների միջազգային օրն է: Այն լավ առիթ է ատամնաբույժների աշխատանքը գնահատելու, ինչպես նաև ոլորտի խնդիրներին ու առկա ձեռքբերումներին անդրադառնալու: Բժշկական գիտությունների դոկտոր, միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԱՆ գլխավոր օրթոդոնտ Արթուր Փափազյանը և ոլորտի այլ մասնագետներ կխոսեն թեմայի շուրջ:

Շարունակվում են համացանցի անվտանգության վերաբերյալ  քննարկումները: Այս անգամ շեշտադրվելու է երեխաների առցանց պաշտպանվածությունը:  «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը, «Ինտերնետ կառավարման» խորհրդի քարտուղար Գրիգորի Սաղյանը, «Ապահով համացանց» ծրագրի խորհրդի անդամ Սամվել Մարտիրոսյանը կխոսեն համացանցի անվտանգության խնդիրների և առաջարկվող  լուծումների մասին: Նրանք կներայացնեն նաև «Ապահով համացանց» ծրագրի նպատակը և ուսման մեջ, առօրյա կյանքում նոր տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման միջոցները։

Ձնամաքրման աշխատանքներն ու քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Ձյան առատ տեղումներով պայմանավորված շահագրգիռ գերատեսչություններն ու հասարակական կազմակերպություններն անդրադառնում են այս թեմային: Սպասվում է, որ Երևանի քաղաքապետարանը կտեղեկացնի, թե որքան աղ և ավազ է շաղ տրվել փողոցներում, իսկ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ  կվերհանի ձնամաքրման և հասարակական տրանսպորտային միջոցների աշխատանքում առկա խնդիրները:

Այսօր կայանալու է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը: Ծրագրում՝ Է.Միրզոյան, Ք.Պենդերեցկի, Վ.Շարաֆյան, Գ.Մալլեր,  Է.Ռաուտավաարա:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am