Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զվարթնոցի տաճարի արծվաքանդակ խոյակները ցուցադրվել են անգամ Լուվրում

Զվարթնոցի տաճարի արծվաքանդակ խոյակները ցուցադրվել են անգամ Լուվրում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արծվաքանդակ խոյակները Զվարթնոցի տաճարի ամբողջ մտահղացման պսակն են, որոնք եզակի երևույթ են վաղ միջնադարի հայկական (և ոչ միայն հայկական) ճարտարապետության մեջ: Հելլենիստական ճարտարապետության մեջ ևս լայն տարածում ունեն կենդանագլուխ խոյակները, ընդ որում` որոշակի տեղ է գրավում նաև արծվի պատկերումը: Այդ նույն մոտիվները զգալի տարածում են գտել նաև բյուզանդական ճարտարապետության մեջ: Արծվի պատկերը հաճախ է օգտագործվել ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական միջնադարյան հերալդիկայում (խորհրդանշանների համակարգում):


 «Զվարթնոց» տաճարի բոլոր չորս արծվախոյակներն էլ պահպանվել են համեմատաբար լավ վիճակում: Ուշագրավ է, որ արծիվներից ոչ մեկը նույնությամբ չի կրկնում մյուսին և նրանցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ գծերը: Սակայն, հնարավոր չէ չնկատել, որ բոլոր արծիվներն էլ ձգված են դեպի վեր, բացել են թևերը և պատրաստ են թռչելու. պատկերված է հենց այն պահը, երբ արծիվները պոկվում են գետնից: Այստեղ կա իրար նայող արծիվների երկու զույգ: Հարավ-արևմտյան և հարավ-արևելյան անկյուններում տեղադրված արծիվների գլուխները համապատասխանաբար թեքված են դեպի աջ ու ձախ և նրանք, կարծես, նայում են միմյանց: Ուշագրավ է, որ զգալիորեն տարբերվում են արևմտյան ու արևելյան կողմերում դասավորվածները: Այս կոմպոզիցիան, որը լավ հայտնի է հին արևելքում, իր ցայտուն դրսևորումն է գտել հայկական զարդարվեստի հնագույն հուշարձաններում:

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով` արծիվների գլուխների աջ կամ ձախ թեքված լինելը բոլորովին ինքնանպատակ չէ. «Արծիվների գլուխները դեպի աջ կամ դեպի ձախ շրջելը, ցույց է տալիս, թե որ ուղղությամբ ես դու իշխում կամ որտեղ նպատակ ունես իշխելու՝ արևելքում, արևմուտքում թե երկու ուղղությամբ էլ: Տվյալ դեպքում «Զվարթնոց» տաճարի արծիվների՝ երկու ուղղությամբ  թեքվելը պայմանավորում է նրանց՝ որպես ճարտարապետական կառույցի, եզակիությունը համաշխարհային ճարտարապետության մեջ»:

Արծիվների այսպիսի դասավորությունը չէր կարող պատահական լինել և,  չբացառելով քրիստոնեական սիմվոլիկայի դերը, պետք է նշել, որ նրանց ընդհանուր կոմպոզիցիայի հարցում որոշակի նշանակություն են ունեցել նաև աշխարհիկ մտածողությունն ու աշխարհիկ արվեստի հուշարձանները: Արծիվները՝ որպես պահապան էակներ, լավ հայտնի են եղել V-VII դարերի արվեստի գործերում:

 «Զվարթնոց» տաճարի արծվաքանդակ խոյակներից մեկը,  որը կշռում  է  2տ. 40 կգ, 2007 թվականին տարվել է Փարիզ՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ Լուվր թանգարանում ցուցադրելու նպատակով:  

«Լուվրում ցուցադրված արծվաքանդակ խոյակն ընդգրկվեց ցուցադրության մեջ իր կատարողական վարպետության և վաղ միջնադարում հայկական ու անդրկովկասյան ճարտարապետության մեջ եզակին լինելու շնորհիվ՝ խոյակի վրա նման թևատարած արծիվ չկա և ոչ մի տեղ»,- ավելացրեց Աշոտ Փիլիպոսյանը: 

«Բոլորովին ինքնատիպ են նաև արծվաքանդակ կրող խոյակներու ձևը, որը միմիայն Զվարթնոց եկեղեցիին մեջ գործածված է. պետքն է որ ստեղծեր է այդ ձևը և արտասովոր մեծությունը, ոչ թե ճաշակը: Այդ խոյակներու վրա է, որ նստեր են աջ ու ձախ կողմերեն՝ ութ մեծ աղեղներու յուրաքանչյուր ծայրերը, ետևի կողմեն զիրենք մայր սյուներուն միացնող գմբեթներու ոտքը, և առջևեն, դրսի պատեն մեկնող կամարին մասը: Այդ ձևով և այդ մեծությամբ խոյակը մը միայն կրնար հանգիստ տալ չորս զանազան կողմերե անհավասար չափերով և անկանոն ուղղությամբ եկող կամարներու ծայրերուն»,- Զվարթնոց տաճարի արծվաքանդակ խոյակների ինքնատիպության մասին միանգամայն իրավացիորեն հիշատակում է Թորոս Թորամանյանը:

Մեկ այլ տեղ Թորամանյանը հիշատակում է, որ «…անոնց վրա քանդակված արծիվներն ալ շատ կարելի է հայկական ավանդության մը հետ կապված են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am