Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էկվադորում Էրդողանից պահանջել են հրաժարական տալ

Էկվադորում Էրդողանից պահանջել են հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Չիլիից հետո Էկվադոր այցն ավարտվել է թուրք նախագահի համար մի շարք տհաճ եւ աղմկահարույց իրադարձություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Էկվադորի համալսարանում ելությի ժամանակ դահլիճում գտնվող մի խումբ երիտասարդներ եւ կանայք պահանջել են նրա հրաժարականը` քննադատելով փոքրամասնությունների` հատկապես քրդերի նկատմամբ նրա քաղաքականությունը: Էրդողանի թիկնապահները կանանց նկատմամբ բռնություն կիրառելով՝ նրանց հեռացրել են դահլիճից եւ դրսում ծեծի ենթարկել: Նրանք ջարդել են միջադեպը նկարահանող լրագրողների տեսախցիկները եւ հայհոյանքներ տեղացել լրագրողների հասցեին: Թուրք թիկնապահները կանանց նկատմամբ գործադրած բռնությունը դատապարտելու համար անգամ ծեծի են ենթարկել Էկվադորի խորհրդարանի իշխող կուսակցության «Ալյանս Պաիս» (Երկրի դաշինք) խմբակցության անդամ պատգամավոր Դիեգո Վինտիմիլային:

Միջադեպից հետո Էկվադորում Թուրքիայի դեսպան Քորքութ Գյունգենը կանչվել է այդ երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել Էրդողանի թիկնապահների անվայել պահվածքի համար:

Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինոն հայտարարել է, որ պատրաստվում են բողոքի նոտա հղել Անկարային:

«Ի տարբերություն Թուրքիայի` Էկվադորում խոսքի ազատություն կա, եւ Թուրքիայի անվտանգության ուժերը չեն կարող ագրեսիա թույլ տալ իրենց կարծիքն արտահատող մեր քաղաքացիների նկատմամբ», -ասել է Պատինոն:

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Էրդողանին բողոքներով են դիմավորել նաեւ Չիլիում: Ինչպես Էկվադորում, այնպես էլ Չիլիում Էրդողանին դիմավորել են «Մարդասպան», «Իսլամական պետության աջակից» պաստառներով:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էկվադորում Էրդողանի թիկնապահների բռնության դեմ ստորագրահավաքի արշավ է սկսվել: Էկվադորի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում  են դատական գործ հարուցել Էրդողանի թիկնապահների դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am