Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Երևան-Դոհա ուղղությամբ չվերթները կմեկնարկեն մայիսի 15-ից

Երևան-Դոհա ուղղությամբ չվերթները կմեկնարկեն մայիսի 15-ից

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաթարական ավիաընկերությունը Երևան-Դոհա թռիչքները կմեկնարկի 2016-ի մայիսի 15-ից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը: Նշյալ ավիաընկերությունը թռիչներ իրականացնելու թույլտվություն է ստացել մայիսից մինչև հոկտեմբեր: Ինչ վերաբերում է Երևան-Հռոմ չվերթին, Գրդզելյանը նշեց, որ դեռ նորություն չունի հայտնելու:

Փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո 2015 թվականին 2013-ի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 3 տոկոսով, ուղևորահոսքը` 11 տոկոսով: Նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը կազմել է 21:

Հունվարի 1-ից շուկա է վերադարձել Լեհական LOT ավիաընկերությունը, իսկ «Չեխական ավիաուղիներ» ընկերությունը`  նախորդ տարվա դեկտեմբերի 16-ից:

2015-ին քաղավիացիայի ոլորտում 26 պետության իշխանությունների հետ բանակցություններ են վարվել, 14 պետության հետ այս ոլորտում իրավական դաշտն ազատականցվել է: 12 պետության հետ դաշտի ազատականացման և նոր համաձայնագրերի կնքման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Փոխադարձաբար օդի 5-րդ ազատության իրավունք է տրամադրվել 6 պետության ավիաընկերությունների` Թուրքմենստանից, Քաթարից, Քուվեյթից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից և Իսլանդիայից: Շուրջ 30 ավիաընկերությունների հետ էլ տարվել են բանակցություններ:

2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի և դրա իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը:

Քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են Հայաստան և Հայաստանից դեպի արտերկիր իրականացվող օդային փոխադրումների բարելավմանը, ինչը լրացուցիչ հնարավորություններ պետք է ձևավորի առանձին ոլորտների զարգացման, գործարարության ընդհանուր միջավայրի բարելավման և, այդպիսով, ողջ տնտեսության առաջընթացի համար` համադրված ազգային անվտանգության խնդիրների հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am