Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իր համար կյանքը զոհած զավակներին չմոռացող հայրենիքն անպարտելի է. զոհված զինծառայողի մայր

 Իր համար կյանքը զոհած զավակներին չմոռացող հայրենիքն անպարտելի է. զոհված 
զինծառայողի մայր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված զինծառայող Կարեն Հովհաննիսյանի մայրը մինչ այս պահը չի հաշտվել որդու կորստի հետ, սակայն հպարտ է, որ իր որդին զոհվել է սխրանք գործելով, իսկ նրա սխրանքը չի մոռացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հակառակորդի գնդակից մահացու  հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է արիության մեդալով:

Զոհված որդու մեդալը ստանալու համար ՀՀ նախագահական նստավայր էր ժամանել Կարեն Հովհաննիսյանի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանը: Մեդալը ստանալուց հետո Անուշ Հովհաննիսյանը մոտեցավ ամբիոնին և բավականին հուզիչ ելույթ ունեցավ:  «Դժվար է մայր լինել, առավել ևս դժվար է զոհվածի մայր լինելը: Լույս աշխարհ ես բերում զավակիդ, գուրգուրում, անքուն գիշեր անցկացնում, մեծացնում, սակայն ճակատագիրն ասում է իր խոսքը: Մի քիչ սփոփում է այն, որ զավակս իր կյանքը զոհել է հանուն իր ժողովրդի,  հայրենիքը պաշտպանելու ընթացքում: Մինչև հիմա չեմ հաշտվում որդուս կորստի հետ: Ցավն ինձ ուղեկցում է ամեն վայրկյան: Ամեն գիշեր քուն մտնելիս՝ մտքով զրուցում եմ նրա հետ, պատմում օրվա մասին, ամեն առավոտ նրան բարի լույս եմ ասում:  Դժվար է այս ամենին դիմանալը, բայց դիմանում եմ ու շարունակում եմ ապրել, որովհետև այդպես կցանկանար իմ որդին: Շատ եմ կարևորում, որ իմ որդու սխրանքը չի մոռացվել, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը հիշում և գնահատում է այդ սխրանքը: Այսօր գիշեր ես տղայիս կասեմ, որ քո սխրանքի համար հասանելիք պարգևը ստացար: Ասում են, որ այն հայրենիքը, որը չի մոռանում իր համար կյանքը զոհած զավակներին, անպարտելի է: Մենք չենք մոռանում մեր զավակներին, նշանակում է, որ մեր հայրենիքը հավերժ է:  Այս օրը դրա վկայությունն է: Ցանկությունս այն է, որ հայոց աշխարհում ոչ մի մայր չսգա իր որդու կորստյան ցավը»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը:

2015 թ. օգոստոսի 12-ին ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Կարեն Հովհաննիսյանը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am