Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գագիկ Մինասյանը կարևորում է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործումը

Գագիկ Մինասյանը կարևորում է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական է համարում այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկը Հայաստանում 2016 թ. կանխատեսել է տնտեսական աճի 2.2 տոկոս աճ, ինչը նախատեսված է նաև ՀՀ 2016 թ. պետական բյուջեով: Հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Մինասյանը ցավով նկատեց, որ տնտեսական իրավիճակը տարածաշրջանում քաղաքական դրդապատճառներով շարունակում է վատթարանալ, ինչն էլ չի կարող ազդեցություն չունենալ տնտեսության վրա: «Շարունակվում են տնտեսական պատժամիջոցները մեր հիմնական տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի նկատմամբ, շարունակվում է նավթի գների անկումը, ինչի հետ կապված էլ ռուսական ռուբլին շարունակվում է արժեզրկվել: Իսկ սա լուրջ մարտահրավեր է մեզ համար: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա մենք ևս 2016 թ. պետական բյուջեում ամրագրել ենք 2.2 տոկոս տնտեսական աճ: Այս ցուցանիշը մենք սահմանել ենք՝ հաշվի առնելով տարածաշրջանի տնտեսական բարդ իրողությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ընդգծեց Մինասյանը:

Մինասյանը Հայաստանի տնտեսության համար մարտահրավեր է համարում նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի լարված հարաբերությունները, ինչի հետևանքով որոշ երկրներ տնտեսական պատժամիջոցներ են սկսել Իրանի նկատմամբ: «Այս առումով որոշակի լարվել են նաև Թուրքիայի և Իրանի հարաբերությունները, քանի որ Իրանը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մահապատիժների համար մեղադրում է Թուրքիային, որովհետև այդ դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ դրանից մի քանի օր առաջ Սաուդյան Արաբիայում է եղել Թուրքիայի նախագահը»,- ընդգծեց պատգամավորը:

Նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանում ևս տնտեսական բարդ իրավիճակ է ստեղծվել: Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում տնտեսական իրավիճակը գնալով խորանալու է, ինչի հետևանքով այդ երկրի իշխանությունները հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար կգնա սահմանին լարվածությունը խորացնելու ճանապարհով: «Ադրբեջանի նման գործելաոճն ավելի կբարդացնի մեր տնտեսական ակնկալիքների իրականացումը հատկապես ներդրումների առումով»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորը ստեղծված բարդ իրավիճակում կարևորում է այն հիմնական ուղղությունների նախանշումը, որը թույլ կտա Հայաստանին իրականացնել այն տնտեսական ծրագրերը, որոնք նախատեսված են: Գագիկ Մինասյանն այս ուղղությամբ առաջին կարևոր քայլը համարում է բարեփոխված Սահմանադրությունը, որի շրջանակում առաջիկայում բարեփոխումներ կլինեն մի շարք կարևոր օրենքներում, կլինեն նոր օրենքներ, որոնք դրական ազդակներ կհաղորդեն հասարակությանն ու տնտեսավարողներին:

Գագիկ Մինասյանը մարտահրավերներին դիմակայելու համար կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացումը: «Կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական ակտիվությունը միշտ ավելի բարձր է, ուստի մենք պետք է մարտահրավերներին դիմակայալու համար ավելի ակտիվ պայքարենք կոռուպցիայի դեմ»,- նկատեց պատգամավորը:

Նա կարևորում է նաև երկրում հավասար մրցակցային պայմանների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Մինասյանի խոսքով՝  դեռ շատ անելիքներ կան, որպեսզի հնարավոր լինի վստահ ասել, որ Հայաստանը արդյունավետ կերպով օգտագործում է բոլոր ներքին ռեսուրսները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am