Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վարչապետը վստահ է, որ 2016-ին Հայաստանը նոր հաջողություններ է արձանագրելու

Վարչապետը վստահ է, որ 2016-ին Հայաստանը նոր հաջողություններ է արձանագրելու

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու, հայտարարեց, որ կառավարությունը գործադրել է բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության, ժողովրդի բարեկեցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում ՀՀ վարչապետը հակիրճ ամփոփեց տարին բնութագրող երևություները, առանձնացնելով երեք կարևորագույնները:

«Առաջինը տնտեսական աճն է. թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական տարածաշրջանային նորագուն մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում, մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ: 2015 թվականի հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության աճը կազմել է մոտ երեք տոկոս, այն դեպքում, երբ տարվա սկզբին միջազգային հեղինակավոր կառույցներն ու փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում, բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Աճ կա արդյունաբերությունում՝ 4,6 տոկոս, գյուղատնտեսությունում 11,6, ծառայությունների ոլորտում, իհարկե առանց առևտրի, 3 տոկոս, 12-ամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4,1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5 տոկոսով»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ սա եղել է ՌԴ-ում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն դոլարով անկման պարագայում: Վարչապետի խոսքով՝ պահանջարկի նման նվազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է, որը ցույց է տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը:

Երկրորդ կարևորագույն նվճաումը, որ վարչապետն ընդգծեց, Սահմամադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողովրդական քվեարկության արդյունքում Սահմանադրական փոփոխությունների ընդունումն է: «Հանրաքվեով ՀՀ քաղաքացիների կողմից հավանության արժանացած նախագիծն անկասկած արժեքավոր հիմք է ծառայում մեր հայրենիքի բարեկեցության կայուն զարգացման համար: Առավելապես կարևորում եմ այն, որ Սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում ՀՀ ԱԺ դերակատարումը, ստեղծում է խորհրդրանական վերահսկողություն իրականացման իրապես արդյունավետ մեխանիզմներ, բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ըստ կառավարության ղեկավարի՝ երրորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն էր: Նա հիշեցրեց, որ 2015 թվականից ՀՀ-ն ԵԱՏՄ կազմում է: «Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և գնալով ավելի լայն աշխարհագրություն: 10 ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ նվազել է շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի լոկ երկու տոկոսանոց անկում: Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են՝ միանալով ԵԱՏՄ-ին` Հայաստանը հնարավորություն ստացավ մեղմելու արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների, ինչպիսիք են Մոլդովան ու Վրաստանը: Միաժամանակ, ՀՀ-ն 2015 թվականի դեկտեմբերին նոր լայնածավալ բանակցություններ սկսեց Եվրամիության հետ, որի շրջանակում քննարկել ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր՝ ուղղված մեր փոխգործունեությունը ԵՄ անդամ երկրների հետ մեծացնելուն: Վստահ եմ, որ 2016 թվականին մենք նոր հաջողություններ ենք արձանագրելու: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու` ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրել է բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության, ժողովրդի բարեկեցության համար: Բոլորս անելու ենք դա միասին՝ համատեղ»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am