Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Էմիր Կուստուրիցան Սանտայից խնդրում է աշխարհը հեռու պահել պատերազմից

Էմիր Կուստուրիցան Սանտայից խնդրում է աշխարհը հեռու պահել պատերազմից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցայի համար հաճույք է գտնվել մի երկրում, որի հետ իր ժողովուրդը նմանություններ ունի: Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին դեկտեմբերի 25-ին նշեց ճանաչված ռեժիսորը:

«Չնայած մի մեծ տարբերություն կա`դուք հայերդ միասնական եք, ճանաչված եք որպես Ցեղասպանություն անցած ժողովուրդ, ունեք պետականություն, որը հավաքական արձագանքն է այս ամենի: Սերբական պատմության մեջ ամեն ինչ այլ կերպ է դրսևորվել: Սերբերը պարբերաբար գրոհների են ենթարկվել, ենթարկվել անասելի ցեղասպանությունների, սակայն սերբերը միասնական հանդես չեն գալիս, զոհի կարգավիճակից մեզ փորձում են հանցավոր ներկայացնել»-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Էմիր Կուստուրիցան:

Ճանաչված ռեժիսորը Հայաստան գալով մեծ բավականություն է ստանում:

«Երկրորդ աշխարհամարտի ժամանակ 800 հազար սերբեր մորթվել էին, գրքերում, փաստաթղթերում դրա մասին կա, բայց Եվրոպայի համար պաշտոնապես դա տեղի չի ունեցել: Իսկ նրանք, ովքեր գիտեն, անտեսում են որպես փաստ: Այստեղ գալուց ոչ միայն վայելում եմ այն, ինչ տեսնում եմ, այլև բավականություն եմ ստանում ձեր ճանապարհով, ձեր երկրում ամեն ինչ աներկբա է: Երբ ես Թուրքիայում էի, ինձ վրա հարձակվում էին, ասում, որ չեն ողջունում իմ այնտեղ գտնվելը՝ հաշվի առնելով սերբերի հետ կապված իմ դիրքորոշումը: Իմ պատասխանն այն էր, որ նրանք չէ, որ պետք է մտահոգություն հայտնեն ցեղասպանության մասին, որովհետև կոտորել են առաջին աշխարհամարտի ժամանակ միլիոնավոր հայերի: Երբ ես գնացի այնտեղից, մի ռեժիսորի, ով նման էր ինձ, այնտեղ ծեծեցին: Հետևություն` եթե ֆիլմեր եք նկարահանում, ինձ նման չպետք է լինել»,-կես կատակ, կես լուրջ նշեց ճանաչված ռեժիսորը:

Էմիր Կուստրիցան 2005 թվականին ուղղափառություն ընդունեց` Նեմանյա անվան ներքո: «Իմ ընտանիքը մասամբ դարձի էր բերվել իսլամի, մասամբ` մնացել էր ուղղափառությանը հարող: Իմ ընտանիքում ոչ ոք իսլամը պրակտիկորեն չէր դավանում: Ես դարձի չեկա, պարզապես կնքվեցի: Ես հավատում եմ, որ Աստված ծագում է մշակույթից. իմ կանխատեսումն այն է, որ մենք` քրիստոնյաներս, ոչնչացման շեմին ենք կանգնած: Երբ ես կնքվեցի, քրիստոնեության համար լավ օրեր չէին: Բայց քանի որ ես հավատում էի մշակույթին, հավատում էի Աստծուն»,-շեշտեց նա:

Հարցին, թե ինչ կցանկանար ճանաչված ռեժիսորն Ամանորին՝ Կուստուրիցան նշեց. «Սանտայից հաստատ կոկա-կոլա չեմ ուզի: Այն գնալով իրենով է անում Սանտային, կխնդրեի մի գերբնական ուժ տալ` պատերազմից աշխարհը հեռու պահելու համար: Եվ կխնդրեի Մարադոնային աշխատանք տալ»:

Կուստուրիցան տեղեկացրեց, որ այժմ աշխատում է «Ծիր կաթին» («On the Milky Road») կինոնկարի վրա: Ֆիլմում նկարահանվում է նաև Մոնիկա Բելուչին: 

«Ես և' ռեժիսորն եմ, և' գլխավոր դերակատարը: Գիտեմ, որ երբեք այլևս դա չեմ անի իմ կյանքում»,-շեշտեց նա: Արվեստի տարբեր ուղղություններում տաղանդ ունեցող Կուստրուրիցան խոստովանեց, որ նախընտրում է գրող Կուստուրիցային:

1993 թվականին ռեժիսորը մենամարտի է հրավիրել ծայրահեղ ազգայնականներից մեկին` Վոիսլավ Շեշելին, սակայն վերջինս հրաժարվել է: «Այնքան թեկնածուներ կան, որոնց մենամարտի կհրավիրեի, խրթին իրավիճակ է աշխարհում»,-նշեց նա:

Հայաստանում Կուստուրիցան կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին, ինչպես նաև կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Այն կազմակերպել է «Մեցցո Փրոդաքշն»-ը:

Էմիր Կուստուրիցան եվրոպական խոշորագույն ` այդ թվում Կաննի փառատոնի մրցանակակիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների: Ռեժիսորը բազմաթիվ հայտնի կինոնկարների հեղինակ է: Բալկանյան կինոյի հանճարը նախորդ տարի տոնեց ծննդյան 60-րդ հոբելյանը: Բացի կինոյում աշխատելուց, Կուստուրիցան հայտնի է որպես «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ: Էմիր Կուստուրիցան հասցրել է այցելել Հայաստան. նա եղել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հյուրը:  

Ճանաչված ռեժիսորի վերաբերյալ «Արմենպրես»-ի կատարած անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am