Տնտեսություն

Ներքին զբոսաշրջությունը նվազել է 0.4 տոկոսով. հյուրանոցները ծանրաբեռնվում են 50 տոկոսի չափով

7 րոպեի ընթերցում

Ներքին զբոսաշրջությունը նվազել է 0.4 տոկոսով. հյուրանոցները ծանրաբեռնվում են 50 տոկոսի չափով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքին զբոսաշրջության ոլորտում ակտիվություն է սկսվում մարտից, ամենաակտիվ տարեշրջանը տևում է հունիսից հոկտեմբեր, ակտիվ շրջան են նաև Ամանորի օրերը: Երկրում հյուրանոցային տնտեսության օբյեկտներն ամենաակտիվ տարեշրջանում ծանրաբեռնվում են միջինը 50 տոկոսից ավելի չափով: Ներկայումս Հայաստանում կա 20 հազար 335 ննջատեղ, որից 14 հազարից ավելին ՀՀ մարզերում են: Վերջին երեք տարիներին Հայաստանում բացվել են մոտ 20 հյուրանոցներ, այդ թվում նաև ՀՀ մարզերում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Նախատեսված է շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման միջոցառումներ իրականացնել ամբողջ Հայաստանում: Խոսքը, մասնավորապես, Տրանսպորտի և կապի նախարարության կողմից զբոսաշրջային նշանակության ճանապարհների վերանորոգման մասին է: Տրանսպորտի և կապի նախարարությունը նախաձեռնել էր առաջնահերթ վերանորոգման ենթակա ճանապարհների ցանկի կազմումը, և Էկոնոմիկայի նախարարությունը, քննարկելով այն մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ, ներկայացրել է իր առաջարկները, և արդեն կառավարության համապատասխան որոշմամբ հավանության է արժանացել այդ ցանկը: Հուսով ենք, որ 2016թ. կսկսվի զբոսաշրջային նշանակության ճանապարհների վերանորոգման գործընթացը»,- նշեց Ապրեսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում կան արդյոք չսեփականշնորհված առողջարաններ և հանգստյան տներ, վարչության պետը նկատեց, որ կարող են լինել չօգտագործվող առողջարաններ և հանգստյան տներ, բայց չսեփականաշնորհվածներ չկան:

2014 թվականին նախորդ տարվա համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 28.4 տոկոսով կամ շուրջ 190 հազար այցելությունով: Սոցիալական փաթեթի շրջանակում կատարված այցելությունների բաժինն այդտեղ կազմել է 10-15 տոկոս: Ընդ որում, 2014 թվականի հունվար-սեպտեմբերին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ այդ բաղադրիչով այցելությունների թիվն աճել էր ավելի քան 2 անգամ: 2015 թվականի առաջին եռամսյալում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 9 տոկոսով, երրորդ եռամսյակում` մոտ 1.5 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում գրանցվել է մոտ 3 տոկոս նվազում: Արդյունքում` 2015թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է 0.4 տոկոսով` կազմելով 781 հազար 714, այն դեպքում, երբ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունից օգտվողների թիվն աճել է մոտ 4.3 տոկոսով: «Ներկայումս զբոսաշրջային օպերատորների և ներքին զբոսաշրջության ոլորտում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ քննարկում ենք խնդիրը` վերլուծելու համար պատճառները, և քննարկումների արդյունքում ձևավորված եզրակացությունների հիման վրա միջոցներ կձեռնարկեմնք խնդիրները վերացնելու ուղղությամբ»,- հավաստեց Մեխակ Ապրեսյանը: Նրա գնահատմամբ` պետք է հաշվի առնել, որ ներքին զբոսաշրջության ոլորտում աճի բացակայությունը հիմնականում պայմանավորված է երկրորդ եռամսյակում ցուցանիշների նվազման հանգամանքով, որը, որպես կանոն, հանգստի ամենաակտիվ տարեշրջանը չէ: «Այս հանգամանքը հաշվի առնելով` հուսով եմ, որ տարվա արդյունքներով աճ կգրանցենք»,- նշեց վարչության պետը:

Ամեն դեպքում, այս տարվա հունվար-սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման բաղադրիչով ներքին զբոսաշրջային այցելությունների քանակի աճի ցածր տեմպը, ըստ պաշտոնյայի, հնարավոր է, պայմանավորված է սոցիալական փաթեթի շրջանակներում այլ ծառայությունների մատուցման ցուցանիշի աճով. այսինքն` հանգստի ծառայությունների համար տրամադրված գումարները շահառուները, հնարավոր է, ուղղել են հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը, առողջապահական ապահովագրությանը, ուսման վարձի համար վճարմանը: Բացի այդ, կուտակային կենսաթոշակների համար վճարումներ կատարած անձինք հնարավորություն են ստացել վճարումները փոխհատուցել սոցիալական փաթեթի գումարներով, ինչը նույնպես կարող էր ազդել սոցիալական փաթեթի շրջանակում հանգստի ծառայության ծավալների աճի տեմպի վրա:

Ապրեսյանի խոսքով` զբոսաշրջային ծառայությունների որակը պայմանավորված է ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացմամբ, ծառայությունների նկատմամբ որակական չափանիշների սահմանմամբ և դրանց պահպանման հետևողական միջոցառումներով: «Այս ուղղությամբ աշխատանքները նոր թափ են ստանալու: Հայաստանում գործում է ՀՏՕ-ների կամավոր որակավորման համակարգ, որը գնալով զարգանում է: ՀՏՕ-ները որոշակի չափանիշներին համապատասխանության դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստանում են որակավորման կարգ, ինչն, ի դեպ, արդյունավետ միջոց է շուկայում ներկայանալու, շրջանառությունն ավելացնելու, ավելի մրցունակ լինելու, հետևաբար, ներքին և ներգնա զբոսաշրջիկների ընդունման ցուցանիշների աճի առումներով: Այսինքն` որքան ՀՏՕ-ները ներկայանալի և կանխատեսելի լինեն, որքան մենք նպաստենք սպառողի իրազեկված և գիտակցված ընտրության կատարելուն, այնքան կխթանենք զբոսաշրջային այցելությունների թվի աճը»,- ընդգծեց վարչության պետը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ կառավարությունում քննարկման վերջնական փուլում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, և դրան հարակից օրենսդրական փաթեթը. «Նոր օրենքի նախագծով նախատեսում ենք այլ զբոսաշրջային ծառայությունների կամավոր որակավորման համակարգերի ներդրում: Այսինքն` բացի հյուրանոցային տնտեսության օբյեկտներից, կիրականցվի զբոսաշրջային օպերատորների, զբոսավարների, ուղեկցորդների, հանրային սննդի օբյեկտների (ռեստորանների) կամավոր որակավորում (զբոսաշրջային ավտոբուսների կամավոր որակավորման մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է վերջրերս): Այս ամենը պետք է նպաստի զբոսաշրջային ծառայությունների որակի չափանիշների ներդրմանը և դրանց հետևողական իրականացմանը, ինչը նպաստելու է ավելի արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորմանը, որն իր հերթին նպաստելու է սպառողի իրազեկված և գիտակցված ընտրությանը, զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավմանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում