Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր Հայաստան»-ը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մտադրության մասին

«Նոր Հայաստան»-ը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ և «քաղաքացիական խաղաղ անհնազանդություններ»  սկսելու մասին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ից «Նոր Հայաստան» նախաձեռնությունը սկսում է «քաղաքացիական խաղաղ անհնազանդություններ»՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կասեցնելու համար: «Ես հիմա այստեղ հավաքված քաղաքացիներին խնդրում և պահանջում եմ՝ մեր գործողությունների ընթացքում որևէ ոստիկանի չհարվածել՝ անկախ նրանից, ինչ քայլեր կձեռնարկեն ոստիկանները: Յուրաքանչյուր մարդ, ով կհարվածի ոստիկանին, սադրիչ է և չի ուզում մեր հաղթանակը: Ոստիկանները մեզանից մեկն են, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Յուրաքանչյուր ոստիկան, ով կմտնի մեր շարքերը, պետք է վստահ լինի, որ ստանալու է ժողովրդի ջերմությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Մարտիրոսյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի, «Նոր Հայաստան» նախաձեռնության քաղաքական  խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ հայտարարեց, որ հանրահավաքից հետո  մասնակիցները  Երևանի կենտրոնում երթ են իրականացնելու, որից հետո վերադառնալու են Ազատության հրապարակ ու մնալու են այնտեղ: Սեֆիլյանի խոսքով՝ առաջիկա ժամերին, եթե պետք լինի,  նույնիսկ առաջիկա օրերին իրենք կմնան Ազատության հրապարակում:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ են ունեցել  նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Նոր Հայաստան» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Արդեն մեկնարկել է հանրահավաքի մասնակիցները երթը: Երթուղու մասին հանրահավաքի կազմակերպիչներն իրազեկել են Երևանի քաղաքապետարան և ստացել են համապատասխան թույլտվություն: Երթի մասնակիցները կանցնեն Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դուրս կգան Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Թումանյան փողոցով կվերադառնան Ազատության հրապարակ:

Ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել, քանի որ երթը դեռևս շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am