Խորհրդարանական կառավարման մոդելը կարող է կայացնել վստահություն չվայելող քաղաքական ինստիտուտները
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական համակարգի և կուսակցությունների հանդեպ անվստահության պարագայում խորհրդարանական կառավարման մոդելը կարող է կայացնել երկրում վստահություն չվայելող քաղաքական ինստիտուտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումներ. հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովին հայտնեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
«Խորհրդարանական կառավարման համակարգը ժողովրդավարության ամենաբարձր դրսևորումն է: «Ոչ»-ի ճակատի կողմնակիցները Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն դիտարկում են իբրև իշխանությունների լինել-չլինելու հարց, ինչն անընդունելի է: Հնչակյան կուսակցության համար, ինչպես և ընդդիմադիր բոլոր կուսակցությունների համար, անընդունելի են ինչպես արտագաղթը, մենաշնորհը, սոցիալական անարդարությունները, սակայն դա չի նշանակում, որ նրանք ավելի ընդդիմադիր են, քան մյուս կուսակցությունները: Հայաստանի Հանրապետությունում չի գործում ընդդիմության ֆակուլտետ և որևէ հաստատության կողմից չեն բաժանվում ընդդիմության դիպլոմներ», - նշեց Նարեկ Գալստյանը:
Անդրադառնալով «Ոչ»-ի կողմնակիցների այն պնդումներին, թե Սահմանադրական փոփոխությունների նախագիծն անհրաժեշտ է իշխանություններին` վերարտադրության խնդիրը լուծելու համար` Նարեկ Գալստյանն ասաց հետևյալը. «Այս աշխարհի ցանկացած երկրի իշխանություն ցանկանում է վերարտադրվել, ինչը տարրական քաղաքագիտական նորմ է: Եթե իշխանությունների համար դա լիներ իրական նպատակը, ապա ոչինչ չէր խանգարի երկրի նախագահին դառնալ վարչապետ, ապա նորից առաջադրվել նախագահի պաշտոնում»:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում