Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Շարմազանովը խորհուրդ է տալիս ԼՂ-ն ու Հայաստանը ՀՀԿ-ից «չպաշտպանել»

Շարմազանովը խորհուրդ է տալիս ԼՂ-ն ու Հայաստանը ՀՀԿ-ից «չպաշտպանել»

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը «չպաշտպանել»: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նկատեց, որ անբարոյական է, երբ փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը «պաշտպանել» մարդկանցից, ովքեր իրենց քաղաքական ուղին սկսել են հենց ղարաբաղյան պայքարից: «Մեզանից մեր պետությունը մի պաշտպանեք, մենք մեր պետության զինվորներն ենք: Սա ասում եմ նրանց համար, ովքեր սահմանադրական բարեփոխումների 205-րդ հոդվածը շահարկում են դեմագոգիայի ամենաբարձր մակարդակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծի 205-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ ինչպես վերպետական միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցության, այնպես էլ տարածքների փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ 205-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն: Նա նկատեց, որ երբ Հայաստանի խորհրդարանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմանը կողմ քվեարկեց, եղան մարդիկ, ովքեր պնդում էին, թե ժողովրդի կարծիքն այդ հարցում որևէ մեկը չի հարցրել: «Հիմա վա՞տ կլինի, որ հանրաքվեի միջոցով որոշենք, օրինակ, մենք անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը, թե՞ Եվրոպական միությանը: Իսկ ինչ վերաբերվում է այդ տարածքների փոփոխությանը, ես կոչ եմ անում այս հարցին նայել դրական տեսանկյունից: Ես այս հարցում լավատես եմ և կոչ եմ անում բոլորին լինել լավատես: Պետք չէ լինել այդքան վատատես սեփական իշխանության ու նաև ընդդիմության նկատմամբ»,- եզրափակեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am