Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դեկտեմբերի 1-ից նախատեսված հավաքների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Դեկտեմբերի 1-ից նախատեսված հավաքների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունն 
իրականացնելու է ուժեղացված ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ից նախատեսված հավաքների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում:

Նշվում է, որ ծառայությունն իրականացվելու է հավաքների մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով` ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի բոլոր պահանջներին համապատասխան:

«ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ»,- ասվում է հաղորդագրությունում` զգուշացնելով, որ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաև սադրիչ կամ անօրինական գործողությունների կատարման փաստեր արձանագրելու դեպքում կիրառելու է հանրային միջոցառումների մասնակիցների և այլոց անվտանգության ապահովմանն ուղղված ու առկա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ, համաչափ և հասանելի ցանկացած միջոց: 

Հանրային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանության նկատառումներից ելնելով, Ոստիկանությունը կոչ է անում հավաքների կազմակերպիչներին՝ խստորեն պահպանել ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանները, բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, հարգել այլոց սահմանադրական իրավունքները, ազատությունները և իրավաչափ շահերը:

 Հորդորում աևհրաժեշտության դեպքում համագործակցել Ոստիկանության ներկայացուցիչների հետ, անմիջապես հայտնել ցանկացած կասկածելի երևույթի կամ վարքագծի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ հարկադրանքի կիրառման անխուսափելի անհրաժեշտության դեպքում առաջնահերթությունը տրվելու է կանխարգելող և խափանող անհատական միջոցներին, ներառյալ՝ սակայն չսահմանափակվելով հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող անձանց հավաքի անցկացման վայրից անհապաղ հեռացնելով, ի գիտություն ընդունված իրազեկումների պայմաններից շեղվող առարկաների կամ տեխնիկական միջոցների օգտագործումն արգելելով և այլն:

Ոստիկանությունը պատրաստվում է նաև լրացուցիչ պարզաբանումներ տալ հավաքների կազմակերպիչներին՝ ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանների պահպանման կապակցությամբ:

«ՀՀ ոստիկանությունն ապահովելու է յուրաքանչյուր անձի կողմից իր պահանջները բարձրաձայնելու, հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու պատշաճ հնարավորությունը և լիահույս է, որ հանրային միջոցառումների անցկացմամբ հետապնդվում են միայն իրավաչափ նպատակներ, իսկ դրանց հասնելու համար գործածվելու են բացառապես օրինական միջոցներ ու եղանակներ»,- նշված է հաղորդագրության ամփոփման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am