Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել երթուղիներում քաղաքացիների սպասարկման մշտադիտարկումները
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 17 արձանագրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել երթուղիներում շարժակազմերի՝ հատկապես երեկոյան ժամերին անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:
Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի շրջանակում հասարակական տրանսպորտի ավտոբուսները համապատասխան վերելակներով կահավորելու աշխատանքները: Հանձնարարվել է սահմանված ժամկետում ավարտել ավտոբուսների կահավորման աշխատանքներն ու շահառուների մասնակցությամբ դրանք փորձարկելուց հետո հանձնել շահագործման:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում